Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվեց, թե քանի ժամ ու քանի կիլոմետր է տևել երթը և ներողություն խնդրեց քաղաքացիներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարեց առավոտյան մեկնարկած համաերևանյան քայլերթի ավարտը։ Նա կանգնեց ՀՀ կառավարության շենքի աստիճաններին, շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին ու ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ովքեր հիասթափվել են իր իշխանության 6 ամիսների ընթացքում։

«Մենք արդեն 6 ամիս առաջնորդում ենք Հայաստանը կառավարության, իշխանության կարգավիճակով։ Սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների, հնարավոր վրիպումների համար»,– ասաց նա։

Քավությունից բացի, Փաշինյանը քայլերթը որակեց նաև ուխտագնացության երթ` նշելով, որ այս քայլերթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իրենք հավատարիմ են իրենց անցած ճանապարհին ու թավշա հեղափոխության հիմքերին։

«Մեր կամքն ամուր է, և ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցման ճանապարհին մեզ ոչինչ չի կանգնեցնի»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նաև հայտնեց, որ առավոտյան 10։00-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանից մեկնարկած երթը տևել է 9 ժամ 25 րոպե։ Երթի մասնակիցներն անցել են 37.5 կմ։