ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Արսեն Թորոսյանը պատրաստ է շարունակել նախարարի աշխատանքը։ Առողջապահության նախարարի պաշտոնակատարն այս մասին ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։
«Ես դեռ պաշտոնավարում եմ, նոր կառավարության ձևավորման ժամանակ այդ հարցին պատասխան կտրվի։ Պատրաստ եմ շարունակել աշխատել այդ պաշտոնում»,– ասաց նա։
Իսկ մինչ այդ պատրաստվում է ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Նորք– Մարաշ, Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները։
Նրա խոսքով` ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հնարավորինս շատ ձայներ ապահովելու համար։
Թորոսյանը բացառեց բուժհիմնարկների ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումն ու չարաշահումը ընտրության ժամանակ` հայտարարելով, որ նոր Հայաստանում այս գործելաոճը տեղ չունի։
Պաշտոնյան խոսեց նաև ոլորտի ստուգումների մասին` նշելով, որ երևանյան խոշոր հիվանդանոցներում ստուգումները շարունակվում են։ Նրա խոսքով` այս պահին հերթը հասել է Ազգային ուռուցքաբանության կենտրոնին ու «Արմենիա» բժշկական կենտրոնին։
Իսկ բացահայտված հնարավոր չարաշահումների մասին նախարարի պաշտոնակատարը խոստացավ հայտարարել ավելի ուշ։
Նշենք, որ Թորոսյանն այս տարվա ամռանն է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։