Աջ ղեկով մեքենաներ ներկրողների «չափազանց գայթակղիչ» առաջարկը հավանության կարժանանա՞

Աջ ղեկով մեքենաների ներկրման հարցով հաջորդ քննարկումը տրանսպորտի նախարարությունում կարող է վերջնական լինել։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա.

Աջ ղեկով մեքենաներ ներկրողները երկար քննարկումներից, ցույցերից ու բողոքի ակցիաներից հետո Հայաստանի իշխանությանը գայթակղիչ առաջարկ են արել, որը թույլ կտա չչեղարկել աջ ղեկով մեքենաների ներմուծումը։ Սակայն դա կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե կառավարության 2007 թվականի որոշման մեջ փոփոխություններ կատարվեն։

Ինչպես կարելի է աջ ղեկով ավտոմեքենաները բերել Հայաստան. նախարարի ակնարկը

Առաջարկությունն արվեց այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի հետ հանդիպման ժամանակ։

Խոսքը 2008 թվականի հունիսի 28-ի կառավարության որոշման վերանայման մասին է։ Այդ որոշումը հաստատում է տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների ցանկը, որը թույլ չի տալիս ներմուծել տրանսպորտային միջոցները։ Մասնավորապես առաջարկվում է հանել այն կետը, որում աջ ղեկը դիտարկվում է որպես «անսարքություն» և թույլ չի տալիս գրանցել տրանսպորտային միջոցը։

«Եթե տվյալ կետը հանվի, դա թույլ կտա ներկրողներին մեքենան Հայաստան բերել ոչ թե որպես տրանսպորտային միջոց, այլ քանդած կամ կիսաքանդ վիճակում (որպես պահեստամաս — խմբ.)։ Ճանապարհային ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո հաջորդ քայլը աջ ղեկով մեքենաների գրանցումն է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Աջ ղեկ» նախաձեռնության մասնակից, փորձագետ Արթուր Միսակյանը։

Ինչու են հայ կանայք տաքսու վարորդ աշխատում. մի կնոջ պատմություն

Միսակյանն ընդգծեց, որ տվյալ պահին կան մարդիկ, որոնք ուզում են աջ ղեկով մեքենա շահագործել։ Նրանք պատրաստ են երկու անգամ փոխել ղեկի տեղը` սկզբում Հայաստան ներմուծելու համար (աջից ձախ), երկրորդ անգամ արդեն Հայաստանում շահագործելու համար (ձախից աջ)։ Սակայն դրա համար պետք է թույլ տան աջ ղեկով մեքենաների գրանցումը Հայաստանում ։

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանն աջ ղեկով մեքենաների շահագործման կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հարցը երեք օրվա ընթացքում կլուծվի։

«Կա՛մ մենք ևս մեկ հանդիպում կկազմակերպենք, կա՛մ հայտարարություն կանենք, ու դրանով թեման կփակվի», — ասաց նա հանդիպման ժամանակ։

Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ տվյալ պահին երկու տարբերակ է դիտարկվում։ Առաջինը` մեքենան Հայաստան են ներմուծում ղեկի տեղը փոխելուց հետո, հետո ներկրողը ղեկի տեղը փոխելու համար կրկնակի թույլտվություն է ստանում արդեն Հայաստանում ու աջ ղեկով մեքենան վերավաճառում է արտասահմանցի պատվիրատուին։

Երկրորդ տարբերակի համաձայն` թույլ է տրվում Հայաստան բերել արդեն ձեռք բերված աջ ղեկով մեքենաները, մեր երկրում փոխել ղեկի տեղը և հետո միայն շահագործել։ Սակայն դա կարող է տարածվել սահմանափակ քանակությամբ մեքենաների վրա ու չի անդրադառնա հետագայում գնված մեքենաների վրա։

Ռուսաստան տանող էժան ճանապարհը կամ արժե՞ վստահել տեղացի վարորդներին

«Այդ հարցը պետք է քննարկվի շահագրգիռ գերատեսչությունների հետ ու դրանից հետո կընտրենք առավել օպտիմալ տարբերակը», — ասաց Փանբուխչյանը։

ՀՀ տրանսպորտի նախարարությունը շարունակում է ոչ նպատակահարմար համարել օրենքում արված փոփոխությունները, քանի որ 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ բոլոր երկրների համար արգելք է գործում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման համար։ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն`մինչև 2020 թվականը ԵԱՏՄ բոլոր երկրներում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը պետք է արգելվի։

Նշենք, որ Ճապոնիայից Հայաստան բերվող ավտոմեքենաների մեծ մասը C, E, A դասի Mercedes-ներ են կամ BMW, Nissan Teana, Mitsubishi Io, Subaru Forester մակնիշի ավտոմեքենաներ։