Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվեց

Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Խուդոյանը։

Քոչարյանն ու Վանեցյանը կհանդիպե՞ն դատարանում

Միջնորդությունը ներկայացվել էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը:

Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է` պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Փաստաբանը հայտնեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը համացանցում էր հայտնվել 2018 թվականի սեպտեմբերի 11-ին։