Շարմազանովը նամակ է գրել Փաշինյանին

ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ լինելու է իր համաքաղաքացիների կողքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որտեղ կոչ է արել վերջինից հանձնարարել` անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել:

«Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարյուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդյունաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ: Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ 650 աշխատակիցներ փաստացի կանգնած են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու վտանգի առջև»,- գրել է Շարմազանովը:

Նա նշել է, որ այսօրվանից տեխնիկապես չի աշխատում Ալավերդու պղնձաձուլական գործարանը:

«Որպես ալավերդցի` կոչ եմ անում Ձեզ, հանձնարարել` անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել: Հակառակ պարագայում՝ 650 ընտանիք կարող են բռնել արտագաղթի ճամփան: Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով փորձել օժանդակել կառավարությանը խուսափելու գործարանի վերջնական փակումից: Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով: Այս պայքարում ես լինելու եմ իմ համաքաղաքացիների կողքին», —ընդգծել է Շարմազանովը։

Նշենք, որ ալավերդցիներն այսօր առավոտից հերթական բողոքի ակցիան են կազմակերպել` պահանջելով չդադարեցնել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը։

Ալավերդու գործարանը փակվեց. 500 գործազուրկ փակել են միջպետական ճանապարհն ու երկաթգիծը

Այդ պահանջով նրանք փակել են միջպետական Մ6 ավտոճանապարհն ու երկաթգիծը:

Գործարանն աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական կոմիտեի փորձաքննության և դրա հետևանքով ձեռնարկված միջոցների հետևանքով։

Հիշեցնենք` հունիսի 15-16-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի ծխնելույզից դուրս եկող արտադրական ծխի՝ քաղաք լցվելու մասին Ալավերդու քաղաքացիներն ահազանգել էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

Ալավերդիում իրականացված մթնոլորտային օդի մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է, որ ծծմբի երկօքսիդի պարունակությունը քաղաքի օդում մի քանի անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի քանակը։