ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Այն պատկերացումները, թե Երևանում մարմնավաճառները հիմնականում իրենց ծառայություններն առաջարկում են Ծերեթելիի փողոցում, ըստ ոստիկանների, իրականությանը չեն համապատասխանում։
«Մարմնավաճառներն իրականում «տեղակայվում են» Երևանյան լճի հարևանությամբ, իսկ Ծերեթելին երկար ու անմարմնավաճառ փողոց է»,– ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունն այսպես է արձագանքել թերթերից մեկում հրապարակված «Ծերեթելիում կանգնող մարմնավաճառներով ե՞րբ եք զբաղվելու» հոդվածին։
Ոստիկանությունը նաև պնդում է, որ մարմնավաճառներով իրենք զբաղվում են ամեն օր ու շարունակաբար։ Իսկ որպես ապացույց բերվում է պաշտոնական վիճակագրությունը։
Դրա համաձայն, այս տարվա 1-ին եռամսյակում ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 125 մարմնավաճառ, որոնցից 57-ը` Երևանյան լճի մերձակայքից, երկրորդ եռամսյակում բաժիններ բերվել է 224 մարմնավաճառ, 186-ը` Երևանյան լճի մերձակայքից, 3-րդ եռամսյակում ոստիկանության բաժիններ բերվել է 393 մարմնավաճառ, որից 299-ը` Երևանյան լճի մերձակայքից։
Ոստիկանությունը հայտնում է նաև, որ նրանց նկատմամբ, օրենքի պահանջով, կազմվել են արձանագրություններ: