«Փոքր հեղափոխություն». ՕԵԿ-ը կփոխի Երևանի կառավարման համակարգը

Երևանի քաղաքապետին ավելի փոքր «ղեկ» կտան. «Օրինաց երկիրը» կընդլայնի ավագանու իշխանությունը: Աղբահանության, տրանսպորտի, ապօրինի շինարարության խնդիրների լուծում, ինչպես նաև կանաչապատում, անվճար բժշկություն և նորարարություններ` այս ամենը «Օրինաց երկիր» կուսակցության ծրագրում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Մի քանի օր է մնացել Երևանի Ավագանու ընտրություններին, քաղաքապետի պաշտոնի համար պայքարը գնալով թեժանում է։ Sputnik Արմենիան արդեն պատմել է իր ընթերցողին Երևանի քաղաքապետի  պաշտոնին հավակնող գրեթե բոլոր թեկնածուների մասին, այս անգամ կներկայացնենք «Օրինաց երկիր» կուսակցությանն ու Մհեր Շահգելդյանին։

Քարոզարշավն ընդհատել է մոր մահվան պատճառով. ինչպե՞ս Գասպարյանը կպայքարի Երևանի համար

«Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրողներին քաջ հայտնի է։ Իր գոյության ընթացքում` 1998 թվականից այն բազմիցս փոխել է ճամբարները, սկզբում քննադատելով իշխանությանը, այնուհետև կտրուկ նրա հետ կոալիցիա կազմել։ Դրա շնորհիվ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը տարբեր ժամանակահատվածում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ ԱԺ խոսնակի և ԱԽ քարտուղարի։

Ի վերջո` նման շրջադարձերի արդյունքը եղավ այն, որ կուսակցությունը վերջին գումարման ԱԺ չանցավ։ Հարցումների տվյալներն, ինչպես նաև «չար լեզուները» պնդում են, որ բնակչության լայն շերտերի շրջանում կուսակցության նկատմամբ վստահությունն այդքան էլ մեծ չէ։

Հավանաբար, այդ է պատճառը, որ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայիս նախընտրական ցուցակը` մեծամասամբ երիտասարդացված կազմն է (երիտասարդներ և միջին տարիքի մարդիկ)։ Միևնույն ժամանակ նրանք տարբեր ոլորտների մասնագետներ են և Երևանի կառավարման համար բավարար փորձ են կուտակել։

Քաղաքապետի թեկնածուի բիզնես գաղափարները

Ինչ վերաբերում է ընտրացուցակի առաջին համարին` կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանին, նա վաղուց է քաղաքական այնդ ուժի անդամ։ Շահգելդյանը բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում, այնուհետև ասպիրանտուրան ավարտել քաղաքագիտություն մասնագիտությամբ։ Դասավանդմամբ և լրագրությամբ է զբաղվել։

2002-2008 թվականներին պատգամավոր է եղել, այնուհետև մինչև 2010 թվականը զբաղեցրել է ԱԻՆ ղեկավարի պաշտոնը։ 2012 թվականին ևս 5 տարով խորհրդարան է վերադարձել։

Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելով Շահգելդյանն, առաջին հերթին, ուզում է փոխել Երևանի կառավարման համակարգը։

«Մեզ համար կարևորագույն հարց է, որ քաղաքապետարանում որոշումների ընդունման համակարգը կոլեգիալ լինի, որպեսզի ներկայացվեն բոլոր կուսակցությունների կարծիքները», – Sputnik  Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Շահգելդյանը։

Զարուհի Փոստանջյանն ուզում է հանել չորացած ծառերի ու երևանյան աղբի տակ թաղված գումարները

Կուսակցությունն առաջարկում է ընդլայնել Ավագանու լիազորությունները։ Նրանք նաև կարծում են, որ պետք է աշխատել այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ակտիվ զբաղվել են Երևանի խնդիրներով։ Եվ այդ ամենը առավելագույն ֆինանսական թափանցիկության ֆոնին։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի խնդիրների լուծմանը, Շահգելդյանը պլանները բաժանում է օպերատիվի և ռազմավարականի։

Օպերատիվ խնդիրների շարքում Շահգելդյանը նշում է աղբահանության հարցի լուծումը։ Շահգելդյանի կարծիքով`  ներկայիս տեմպերով քաղաքն աստիճանաբար աղբանոցի է վերածվում, պետք է օպերատիվ կերպով լուծել այդ հարցը։ Եթե ներկայիս օպերատորը` «Սանիթեքը», չի կարողանում ապահովել աղբահանությունը, թող դրանով մեկ այլ ընկերություն զբաղվի։ Ընդ որում` ամենաառաջին քայլը աղբամշակման գործարանի կառուցումն է։ Երկրորդ խնդիրը, որի լուծումը հետաձգել չի կարելի` տրանսպորտային համակարգի բարեփոխումն է։

Որպես երկարաժամկետ ծրագիր` մատչելի և սոցիալական բնակարանների կառուցումն է, որը սիմվոլիկ ցածր գներով կտրամադրվի բնակչության սոցիալապես անապահով շերտերին։

Ճանապարհներ պլաստիկից և կանաչապատ այգիներ. «Հայքի» ծրագիրն ուղղված է Երևանի զարգացմանը

Շահգելդյանը կարծում է, որ լուրջ ուշադրություն է պետք դարձնել նաև հիպոթեքային վարկերին (հատկապես երիտասարդներին)։ Նրա խոսքով, տոկոսադրույքները պետք է իջեցվեն, տոկոսները պետք է վճարվեն հարկերից։

«Երևանում ուր նայում ես` էլիտար շենքեր են։ Սակայն այդքան «էլիտա» չունենք», – ասում է Շահգելդյանը։

Նրա խոսքով` շենքեր պետք է կառուցվեն ոչ միայն կենտրոնում, այլև ծայրամասերում։ Մյուս կողմից` մայրաքաղաքում ծաղկում է ապօրինի շինարարությունը, մասնավորապես, մյուս քաղաքացիների իրավունքները խախտելու հաշվին։ Ըստ նրա, վառ օրինակ է, Հյուսիսային պողոտայի կառուցումը։

Բնակարանային հարցի շրջանակներում, նրա խոսքով, պետք է լուծվի վթարային բնակարանների հարցը։ Բացի այդ, Շահգելդյանն ուշադրություն է հրավիրում «մարդասպան վերելակները» փոխելու անհրաժեշտությանը։

Երևանը` վիրաբույժի ձեռքերում․ ի՞նչ «միջամտություն» է առաջարկում Զեյնալյանը

Մյուս երկարաժամկետ ծրագրերից է` կանաչապատումը։ Նա կարծում է, որ քաղաքը պետք է կառուցապատվի «կանաչ ճարտարապետության» շրջանակներում։

Եվս մեկ կարևոր բարեփոխում, որը ծրագրում է ապահովել «Օրինաց երկիրը»` անվճար բուժսպասարկման համակարգն է։ Դրան հասնել կարելի է ապահովագրական համակարգի օգնությամբ և մայրաքաղաքում կառավարման համակարգը բարեփոխելով։

Շահգելդյանը կարծում է, որ առաջին փուլում բարեփոխումներ իրականացնելու համար մեծ ներդրումներ պետք չեն։ Բյուջեի արդյունավետ կիրառումը թույլ կտա մի շարք հարցեր լուծել։ Իսկ բնակարանների կառուցման համար, նրա կարծիքով, կարելի է համատեղել Երևանի համայնքների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր անձանց բյուջեները։

Միևնույն ժամանակ քաղաքի բյուջեն նույնպես պետք է մեծանա քաղաքի տնտեսական զարգացման հաշվին։

Աշխատել, այլ ոչ թե փոշու մեջ նստել. ինչպե՞ս է Թարխանյանն ուզում բարեփոխել Երևանը

Ի դեպ, Շահգելդյանը խոստանում է ընտրվելուց հետո չսահմանափակվել «գրասենյակով» և ժամանակ առ ժամանակ «փողոց դուրս գալ», քաղաքի խնդիրներից չկտրվելու համար։

Կուսակցությունը, քաղաքական գործչի կարծիքով, առաջիկա ընտրություններին բարձր է գնահատում իր շանսերը։ Վերջին ընտրություններին` խորհրդարանական, կուսակցությունը անհրաժեշտ քանակության ձայներ չհավաքեց։

Նրա կարծիքով, դրանում մեղավոր են, խախտումները, ընտրակաշառքները, վարչարարական ռեսուրսի կիրառումը։

Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններին կմասնակցեն 8 կուսակցություն և 4 դաշինք։ Արտահերթ ընտրությունը կկայանա սեպտեմբերի 23-ին։ Ընտրություն անցկացնելու անհրաժեշտությունն առաջացավ հուլիսի 9-ին` Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։