Բաքուն և Անկարան միավորվում են, իսկ Հայաստանը բաժանում են սևերի ու սպիտակների. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մտահոգում են Թուրքիայի ու Ադրբեջանի պանթուրքիստական հայտարարությունները և դրա ֆոնին Հայաստանում տեղի ունեցող սև–սպիտակ հակամարտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոպտորեն խախտել է 2009-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի արտգործնախարարների միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների ստորագրած ցյուրիխյան արձանագրությունները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը ։

Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 15-ին Բաքվի ազատագրման 100-ամյակին նվիրված շքերթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել «գրավյալ» տարածքներից:

Շարմազանովի խոսքով` նույն միջոցառման ժամանակ թուրքական երկու պետությունների ղեկավարներն իրենց ելույթներում հաստատեցին պանթուրքիզմի գաղափարը։

«Էրդողանն ավելի հեռուն գնաց և հայտարարեց, որ չի բացելու Հայաստանի հետ սահմանը և շարունակելու է շրջափակման մեջ պահել մեր երկիրը` հայ-թուրքական հարաբերութուններն ուղղակիորեն կապելով արցախյան հարցի հետ, ինչն անթույլատրելի և դատապարտելի է, որովհետև կա Մինսկի խմբի ձևաչափ, և համանախագահները բազմիցս նշել են, որ Թուրքիան անելիք չունի այդ հարցում»,- ասաց Շարմազանովը։

Եվ, այդուհանդերձ, խորհրդարանի փոխնախագահին անհանգստացնում են ոչ այնքան հարևանների հայտարարությունները, որքան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

«Մինչ Բաքուն և Անկարան հերթական անգամ հայտարարում են իրենց միասնականության ու պանթուրքիզմի մասին, Հայաստանի նոր իշխանությունները միասնություն ու համերաշխություն քարոզելու փոխարեն ազգը բաժանում են սևերի և սպիտակների, նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների և հակահանրապետականների, հեղափոխականների ու հակահեղափոխականների»,- ասաց նա` հավելելով, որ այսօր, ինչպես 100 տարի առաջ, Հայաստանը կանգնած է ընտրության առաջ` կգնա ճիշտ ճանապարհով, կկերտի նոր Սարդարապատի հաղթանակներ, կգնա սխալ ճանապարհով, ազգը կբաժանի երկու մասի, կունենա Ղարսի անկումը։

«Կհագնեմ կամուֆլյաժս... սպիտակները հաղթել են...». Նիկոլ Փաշինյանի խոսքը Դավթաշենում

«Մենք տեսել ենք այդ ամենը։ Պատմությունից դասեր քաղելու ժամանակն է»,- ասաց Շարմազանովը` իշխանություններին կոչ անելով ձեռնպահ մնալ հանրությունը պառակտելու գործելաոճից։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի զարգացումներին, Էդուարդ Շարմազանովը դա ևս դիտարկեց թուրք-ադրբեջանական քաղաքականության ենթատեքստում։ «Սա ահազանգ է բոլորիս համար՝ մեր երկրի անվտանգությունը նուրբ լարից է կախված, Հայաստանի և Արցախի ճակատագիրն այսօր վտանգված է, ու այդ մասին բացահայտ խոսում են Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները»,- ասաց նա։

Հայաստանում, Շարմազանովի դիտարկմամբ, բարիկադներ չպիտի լինեն։ Հայաստանի ներսում, նրա խոսքով, թշնամիներ չկան։

«Բոլորը պետք է գիտակցեն, որ ով անմեղ է, պետք է ազատվի, ով օրենք է խախտել, կա դատարանի որոշում, պիտի պատժվի։ Բայց ո՞վ է իրավունք տվել մինչև դատարանի որոշումը հայտարարել` սա սև է, սա` սպիտակ»,- ասաց նա։

ԱԺ փոխնախագահը վստահեցրեց` իր համար երկրորդական է, թե որ քաղաքական ուժը կհաղթի, որը` կպարտվի։ Ամենակարևորն այն է, թե ինչ արժեհամակարգով է ապրում Հայաստանի Հանրապետությունը, ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ է Հայաստանում և դեպի ուր է գնում ՀՀ-ն։