ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Գաղտնալսել ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցը կարող էին միայն նախկին կամ ներկա ԱԱԾ աշխատակիցները:
Այս մասին Sputnik Արմենիային այսօր ասաց ազգային անվտանգության հարցերով ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի նախկին օգնական, միջազգային անվտանգության փորձագետ Վլադիմիր Պողոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում սկսեց տարածվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։
«Այս դեպքն աղաղակող է ոչ միայն այն առումով, որ գաղտնալսում է իրականացվել. ակներև է ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալ լինելը: Նրանց համար կառավարական կապի հատուկ գիծ գոյություն ունի (ԲՀ կապ, ՎՉ գիծ)», — ասաց Պողոսյանը:
Նա ընդգծեց, որ ներքին կանոնադրությամբ արգելվում է բաց գծով գաղտնի բանակցություններ վարել: Եթե դա ՎՉ գիծ լիներ, այն հնարավոր չէր լինի գաղտնալսել: Նա նշեց, որ չի կարելի հաշտվել այն մարդկանց հետ, որոնք չեն հետևում իրենց ծառայության ներքին կանոնադրությանը:
Ձայնագրության որակը լավն էր, իսկ դա նշանակում է, որ գործի է դրվել այնպիսի սարք, որը հարյուր հազարավոր դոլարներ արժե, կարծում է փորձագետը:
Նրա խոսքով՝ գաղտնալսում կարող էին իրականացնել միայն բարձրակարգ մասնագետներ, ամենայն հավանականությամբ՝ հատուկ ծառայությունների համակարգում աշխատող:
«Սա խոսում է Հայաստանի ԱԱԾ-ում առկա ինչ-որ «հիվանդության» մասին: Ըստ ամենայնի՝ այնտեղ ներքին պայքար է սկսվել: Կամ դրանք գործող մասնագետներ են եղել, կամ՝ նախկին, դրանում կասկած չկա», — նշեց Պողոսյանը:
Նա կարծում է, որ որևէ բացատրություններ չպետք է տրվեին, Վանեցյանը պետք է հրաժարական տար, իսկ վարչապետը՝ ընդուներ այն:
Պողոսյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ նրանք գաղտնի տեղեկություններ են քննարկում, վտանգ կա, որ նրանց կարող էին գաղտնալսել այլ հարցերի վերաբերյալ նաև արտաքին թշնամիները:
Տվյալ դեպքում, փորձագետի խոսքով, նա բացառում է արտաքին ուժերի մասնակցության հնարավորությունը: Նա, ով արել է, լավ տեղեկացված է եղել, թե ինչ պետք է լսի և վաղուց էր պոչին նստած:
«Համոզված եմ, որ տեղեկության արտահոսքը ներսից է եղել, սա ներքին պայքար է», — ասաց Պողոսյանը:
Նա նշում է, որ համակարգի ներսում հակասություններ և ղեկավարությունից դժգոհ մարդիկ կան: Այդ պատճառով նա չի բացառում, որ սա ԱԱԾ և ոչ թե՝ ՀՔԾ ներսում ընթացող պայքար է:
Կա մեկ այլ՝ քիչ հավանական տարբերակ. հնարավոր է, որ գործով անցնող մեղադրյալներից որևէ մեկը ուզում էր հարված հասցնել ինչպես ԱԱԾ, այնպես էլ՝ ՀՔԾ հեղինակությանը:
«Սա հարված է պետության ժողովրդավարական հիմքերին և, ընդհանուր առմամբ, ժողովրդավարական համակարգին: Այսօր հարված է հասցվել պետության ազգային անվտանգությանը», — նշեց Պողոսյանը: