ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Կանգնեցնելով գինովցած վարորդներին` Հայաստանի ոստիկաններն արդեն չեն պահանջում «հո անել» ափի մեջ կամ վկայականում։
Նրանց պարզում են ալկոթեստեր, բայց՝ արտասահմանյան արտադրության։ Թեև դրանց հայկական տարբերակներն արդեն կան։ Ընդ որում՝ այդ ալկոթեստերներն արդեն արտահանվում են թե՛ Եվրասիական, թե՛ Եվրոպական միություն։
Արտադրության համար բաղադրիչների հիմնական մասը ներկրվում է արտասահմանից։
«Բայց ծրագրային ապահովումն ինքներս ենք անում։ Ինքներս ենք հավաքում, կատարում կարգաբերում և ստուգաչափում, որն անհրաժեշտ է ցանկացած չափիչ սարքերի համար», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Arides ընկերության պրոդուկտ մենեջեր Աշոտ Մարգարյանը։
Ընկերության սարքերն արդեն գործում են Հայաստանում: Օգտագործվում են գինու և կոնյակի խոշոր գործարաններում։ Թեև այստեղ աշխատողներին խստորեն են ընտրում և նրանք աջ ու ձախ չեն կոնծում։ Բայց, ինչպես ասում են, «շառից փորձանքից հեռու»։ Դրանք տեղադրված են նաև հանքավայրերի անցակետերի մոտ։ Խմել սիրողներն այստեղ ընդհանրապես անելիք չունեն, հատկապես՝ էքսկավատորի կամ բուլդոզերի ղեկին։
«Մենք արտադրանքն արտահանում ենք Եվրասիական միության երկրներ` Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, ինչպես նաև Եվրոպական միության` Բելգիա և Բուլղարիա։ Պատրաստվում ենք մուտք գործել նաև այլ շուկաներ»,– հավելեց Մարգարյանը։
Ռուսաստանում ընկերությունը մասնակցում է պետական մրցույթների տեղի արտադրողների հետ հավասար պայմաններով։
«Մեր սարքերից մի քանիսը ներառված են ՌԴ չափումների միջոցների պետական ռեեստրում», – նշեց ընկերության ներկայացուցիչը։
Ընկերությունում աշխատում է մոտ 40 մարդ։ Գրասենյակում նրանք են, ովքեր ավելի երիտասարդ են։ Իսկ հավաքման մեջ ներգրավված են փորձառու մասնագետներ։
Նշենք, որ ընկերությունը գործունեություն է ծավալում «Ալյանս» ազատ տնտեսական գոտում, որը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից։ Այստեղ աշխատող ընկերություններն ազատվում են գրեթե բոլոր հարկերից։