Ռուսաստանը Հայաստանի գործերին չի միջամտել, ինչը չի կարելի ասել մյուսների մասին. Լավրով

Ռուսաստանը շահագրգիռ է, որ գործընկեր երկրներում առավելագույնս բարենպաստ հնարավորություններ լինեն տնտեսության զարգացման և սոցիալական ոլորտի բարելավման համար, նշել է Լավրովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվան որևէ քայլ կամ հայտարարություն չի արել, որը կարող էր գոնե ինչ-որ կերպ մեկնաբանվել որպես Հայաստանի ներքին հարցերին միջամտելու փորձ։ Սակայն նույնը չի կարելի ասել մյուս արտաքին խաղացողների մասին։

Առաջիկայում ծրագրվում է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը. Լավրով

Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը`  նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով ելույթ ունենալով «Արտաքին հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում» (МГИМО) և պատասխանելով Հայաստանում տիրող իրավիճակի, տեղի ունեցող իրադարձությունների, ինտեգրացիոն գործընթացների վրա Մոսկվայի հավանական ազդեցության վերաբերյալ հարցին: 

Նախարարի խոսքով` Ռուսաստանը հետաքրքրված է, որ իր դաշնակից և ռազմավարական գործընկեր երկրներում իրավիճակը կայուն լինի, որպեսզի ներքին գործընթացները սահմանադրական հունով զարգանան։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է, որ այդ երկրներում առավելագույնս բարենպաստ հնարավորություններ լինեն տնտեսության զարգացման և սոցիալական ոլորտի բարելավման համար։ «Այս ամենն այն է, ինչ մենք փորձում ենք անել նաև մեր ինտեգրացիոն միավորումների` ԵԱՏՄ–ի, իսկ անվտանգության առումով` ՀԱՊԿ–ի միջոցով», – ասել է նա։

Ռուսաստանն այլ երկրների ներքին հարցերին չի միջամտում. Լավրով

«Մենք ուշադիր հետևել ենք այն իրադարձություններին, որոնք ծավալվել են բոլոր հիմնական իրավասությունները խորհրդարանի կողմից ընտրված վարչապետին անցնելու սահմանադրական նորմի ուժի մեջ մտնելուց հետո։ Մենք որևէ քայլ կամ հայտարարություն չենք արել, որը կարող է ինչ-որ կերպ մեկնաբանվել որպես ներքին հարցերին միջամտելու փորձ։ Չեմ կարող ասել, որ մյուս արտաքին խաղացողները նույն կերպ են վարվել։ Սակայն այդ հարցի վրա այժմ ես կանգ չեմ առնի», – ասել է Լավրովը։

Սակայն, նախարարի խոսքով, Ռուսաստանին մտահոգում է Հայաստանի հետ կապված մեկ հանգամանք։

«Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին։ Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն, որ Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործական խնդիրների վրա», – ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նա նաև հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման մասին։