Արմեն Սարգսյանն Արցախում պատասխանել է լրագրողների հարցերին

Արցախի անկախության օրը Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են արցախյան հերոսամարտերի ու պատերազմի հերոս նահատակների շիրիմներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։

Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը մասնակցել են Արցախի անկախությանը նվիրված միջոցառումներին

Հայկական երկու հանրապետությունների նախագահները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում եւ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին:

Այցի ընթացքում նախագահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին` ասելով, որ Արցախի անկախությունը հայ ժողովրդին վերադարձրել է հպարտությունը, հաղթանակի քաղցր զգացողությունը, վստահությունն իր ուժերի եւ ապագայի նկատմամբ։

Բայց այդ ամենը նախագահի խոսքով թանկ` մարդկային լավագույն կյանքերի գնով է ձեռք բերվել։

«Մեր տղաներն իրենց կյանքն իզուր չեն տվել․ տվել են նրա համար, որպեսզի այս երկիրը դառնա ավելի հզոր, որպեսզի ամբողջ աշխարհում սփռված հայությունը, մեր ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում կարողանա կառուցել իր հպարտ, ուժեղ ու հզոր հայրենիքը»,– ասել է Արմեն Սարգսյանը։

Արցախի անկախության հռչակագիրն ընդունվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։