Այվազովսկու կտավի անփառունակ «նավարկությունը». ինչպե՞ս է հայտնվել այն Հայաստանում

Քննչական կոմիտեում փորձում են պարզել հանրահայտ ծովանկարչի «Նավը ծովում» կտավի ձեռք բերման աղբյուրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik.  Քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավի ձեռք բերման հանգամանքները:

Մաքուր, ինչպես դեղատանը. Այվազովսկու կտավի վերադարձի պատմությունը

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով 2017 թվականին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայք-էջում հրապարակվել է տեղեկատվություն առ այն, որ հիմնադրամը ՀՀ երրորդ նախագահին է նվիրել ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավը:

«Դրանից հետո մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ կտավը հափշտակված է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2011 թվականի հունվարի 13-ին «Ռուսական ոսկի» կորպորացիայի տնօրենի՝ ՌԴ-ում գտնվող բնակարանից ավազակային հարձակմամբ հափշտակվել են բազմաթիվ կտավներ, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու՝ առանձնապես խոշոր չափի արժողության «Նավը ծովում» կտավը:

Ազգային պատկերասրահը պատրաստվում է Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափի գույք ձեռք բերելու կամ իրացնելու դեպքի առթիվ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն, իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կտավի ձեռք բերման աղբյուրը և մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ: