Արցախը` բանակցություններում. Ադրբեջանին պետք է «համոզել» ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով

Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ՆԱՏՕ-ի շրջանակում հայտարարությունները զգալիորեն չեն ազդում այդ գործընթացի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Հայաստանը պետք է որոշակի ճնշում գործադրի համանախագահների վրա, որպեսզի ստանա Ադրբեջանի համաձայնությունը Ստեփանակերտի մասնակցությունը բանակցային գործընթացում վերականգնելու համար, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Փաշինյանը Բրյուսելում. կայացած առաջնորդը և բազմավեկտոր Հայաստանը

Նրա խոսքով՝ Ստեփանակերտը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին Ազգային ժողովում արված Փաշինյանի հայտարարությունը տրամաբանական էր։

«Մենք չենք կարող որոշել Արցախի ճակատագիրը՝ չհարցնելով նրա ժողովրդին։ Դա բացառված է», — ասաց Սարգսյանը։

Դա նշանակում է, որ  Արցախը բանակցային գործընթացի մեջ ներառելու անհրաժեշտություն կա, առավել ևս` ժամանակին նման ձևաչափ արդեն եղել է։

Այլ հարց է, որ Հայաստանի տրամաբանական առաջարկը տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կմերժվի Ադրբեջանի կողմից՝ հաշվի առնելով նաև այդ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը։

«Իհարկե, մենք պետք է նման առաջարկ անենք։ Համանախագահների վրա պետք է որոշակի ճնշում գործադրվի, որպեսզի նրանք իրենց հերթին ազդեն Ադրբեջանի վրա՝ տրամաբանական ձևաչափը վերականգնելու համար», — ասաց Սարգսյանը։

Սարգսյան. «Հնարավոր է` շուտով նախապատրաստվի Փաշինյան–Ալիև հանդիպում»

Նրա խոսքով՝ ներկա պայմաններում հակամարտության կարևոր կողմը բանակցությունների սեղանից բացակայում է։ Միաժամանակ, մինչ այդ պետք է կայանան հանդիպումներ բարձր մակարդում՝ հասկանալու համար, թե որքան հեռու կգնա հայկական կողմի կիրառած ռազմավարությունը։

Սարգսյանը նաև ուշադրություն հրավիրեց ՆԱՏՕ-ի հռչակագրին, որում նշվում է՝ կազմակերպությունը շարունակում է աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնավարությանը։

Սարգսյանի խոսքով՝ նման հայտարարությունները ստանդարտ են և չեն ազդում ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունների վրա։

«Նախկինում ՆԱՏՕ-ի հայտարարությունները մեզ համար բացասական էին ձևակերպման առումով, հիմա շեշտադրությունները փոխվել են։ Տվյալ դեպքում խոսքն, առաջին հերթին, Վրաստանի և Մոլդովայի մասին է։ Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում հղումներ կան ՄԱԿ-ի և Հելսինկյան ակտի վրա», — ասաց Սարգսյանը։

Բայց ՆԱՏՕ-ն կամ ՄԱԿ-ն այն կառույցները չեն, որոնք զբաղվում են Արցախի հարցով բանակցություններով։ Կա Մինսկի խումբը, և դա անփոխարինելի հարթակ է։

«Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին կասկածի տակ է». Փաշինյան

Սարգսյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ հռչակագրերը պարտադիր չեն։ Ավելին, ԱՄՆ-ը և Ֆրանսիան՝ ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամները, մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ, և նրանց հայտարարություններն այդ ձևաչափի շուրջ հայտնի են։

«Նրանք միշտ հայտարարել են, որ հարցը չունի ռազմական լուծում և պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա։ Այստեղ ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում, նման ձևակերպումներ դեռ կլինեն», — ասաց Սարգսյանը։

Միաժամանակ պետք է աշխատել, որ ձևակերպումներն ապագայում ավելի շահավետ լինեն Հայաստանի համար, թեև` չարժե դրանց չափազանց մեծ ուշադրություն դարձնել։

Հուլիսի 11-13-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում էր։ Այնտեղ նա հանդիպել է ԵՄ կառույցների ղեկավարների հետ, Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակում մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով։

Հայաստանի հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել. Փաշինյան

ՆԱՏՕ-ի ամփոփիչ հռչակագրում, որն ընդունվել է Բրյուսելում, նշվում է, որ դաշինքը նախկինի նման հավատարիմ է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնավարությանն աջակցելուն։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ այդ սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։