«Համով–հոտով Երևան». ինչո՞վ հայ խոհարարները կզարմացնեն օտարերկրյա գուրմաններին

Հայկական խոհանոցի ճաշատեսակները կներկայացվեն «Համով–հոտով Երևան» փառատոնում։ Միջոցառման հյուրերը կհամտեսեն խոհարարական գլուխգործոցներ, ինչպես նաև կկարողանան ցածր գնով գնել դրանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. «Համով–հոտով Երևան» փառատոնը տեղի կունենա Երևանում հունիսի 10–ին «Երևանյան ամառ 2018» եռամյա ծրագրի շրջանակում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Գևորգ Օրբելյանը։

Փառատոնը, առաջին հերթին, ուղղված է գաստրոնոմիական զբոսաշրջության զարգացմանը, ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Հայկական համով–հոտով ապուրների հնգյակը, առանց որոնց կյանքն անհամ կլիներ

«Այս տարի միջոցառումը փոխել է լոկացիան, այն տեղի կունենա բազմամարդ տարածքում` Հանրապետության հրապարակի մոտ, Վերնիսաժին հարող այգում։ Հույս ունենք, որ զբոսաշրջիկները, որոնք կմասնակցեն փառատոնին, կծանոթանան հայկական խոհանոցի, ռեստորանների և մեր ժողովրդի ավանդույթների հետ», – ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով` կտեղադրվեն 26 տաղավար, որոնցից 13–ը կներկայացնեն հայկական խոհանոցի ճաշատեսակներ։ Փառատոնում նախատեսված են ազգային պարերի ու երգերի ցուցադրումներ, իսկ համեղ տոնի այցելուների համար կկազմակերպվի մրցույթ` նվիրված Երևանի 2800–ամյակին։

Բացի այդ, ինչպես նշեց Օրբելյանը, կորոշվեն «Ամենահյուրընկալ տաղավար», «Լավագույն դիզայն», «Ամենաավանդական տաղավար» անվանակարգերում հաղթողները։

«Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը հավելեց, որ փառատոնի նպատակն այցելուներին ազգային խոհանոցի ճաշատեսակների հետ ծանոթացնելն է։

Անիի թագավորության ժամանակաշրջանի ուտեստները՝ «Համով-հոտով Երևան»-ում

Մամուլյանը շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին կազմակերպչական հարցերում օգնության համար, առանց որի դժվար կլիներ նախապատրաստել փառատոնը։

«Իսկ մենք մեր հերթին հոգ ենք տարել, որ այցելուներին ներկայացնենք ծիսական ճաշատեսակներ` սկսած Ամանորի ճաշատեսակներից, վերջացրած Խաչվերացով», – նշեց երկրի գլխավոր խոհարարը։

Օտարերկրյա հյուրերը հետաքրքրություն են դրսևորում հայկական խոհանոցի, խմիչքների նկատմամբ, ուստի նման փառատոնների անցկացումը շատ կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, հավելեց Մամուլյանը։

«Համով–հոտով Երևան» առաջին փառատոնը տեղի է ունեցել 2009թ–ի հունիսի 12–ին։ Երիտասարդ ազգագրագետների աջակցությամբ մշակվել էր փառատոնի հայեցակարգ, որի հիմքում ընկած է ավանդական հայկական խոհանոցի հետ ծանոթությունը։