ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Պապիկյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նորանշանակ մարզպետների անունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անունից շնորհավորեց նրանց ՝ նշանակման առիթով և մաղթեց արգասաբեր աշխատանք:
Նախարար Պապիկյանն առաջարկեց, որ մարզպետներն այսօրվանից անցնեն իրենց աշխատանքին՝ մինչ ինքը կհասցնի այցելել մարզեր ու համայնքների ղեկավարներին ներկայացնել նոր մարզպետներին:
Արարատի նոր մարզպետ նշանակվեց Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, ծնունդով Տավուշի Չինարի գյուղից Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ` Իջևանի գործող քաղաքապետ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ` 2017թ.-ի ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Արագածոտնի մարզպետի պաշտոնում վերանշանակվեց իշխանափոխության արդյունքում հրաժարական ներկայացրած նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը։ Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Արագած Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը:
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց նաև նախկին մարզպետների պաշտոնանկության հարցը:
Մինչ այդ արդեն հայտարարվել էր, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հրաժարականի դիմումներ էին ներկայացրել:
Փաշինյանը հայտարարեց, որ այսօր նշանակվեցին ՀՀ 10 մարզերից 8-ի ղեկավարները: Մյուս երկու մարզերի ղեկավարների հարցը կորոշվի ավելի ուշ: