Պաշտպանության նախարարը միջամտել է. ի՞նչ ընթացք կստանա զինկոմիսարիատների օպտիմալացումը

Հայաստանի մարզային զինկոմիսարիատների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ ՊՆ–ը որոշել է միջամտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Հանրապետության զինվորական կոմիսարիատների օպտիմալացումը հետաձգվել է մինչև մայիսի 21-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Երևանում բողոքի են դուրս եկել զինկոմիսարիատների աշխատակիցները. ՊՆ–ի պարզաբանումը

«Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև ս.թ. հունիսի 21-ը»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ:

Հիշեցնենք, այսօր Երևանում բողոքի ակցիա էին իրականացնում հանրապետության տարբեր մարզերի զինկոմիսարիատների աշխատակիցներ, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում կառավարության` մի քանի ամիս առաջ կայացրած և նոր իրականացվող որոշման նկատմամբ։ Դրա համաձայն` հանրապետության յուրաքանչյուր մարզում օպտիմալացման արդյունքում պետք է մնա միայն մեկ մարզային կոմիսարիատ։ Մնացած կոմիսարիատները փակվելու են։ Որոշման համաձայն` գործընթացը պետք է տեղի ունենա 2 փուլով` մայիսի և օգոստոսին։