Նախարարները վերցրե՞լ են հանրապետության փողերը. կառավարության պարզաբանումը

Ստեղծված քաղաքական իրավիճակից օգտվելով` որոշ նախարարություններ առոք–փառոք ծախսել են բյուջեի գումարները։ Կառավարությունն այս լուրերը կեղծ է որակում ու պարզաբանում, թե ինչքան գումար է ծախսվել իրականում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Նախարարությունները չեն օգտվել ստեղծված իրավիճակից ու չեն ծախսել բյուջեի փողերը։ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հերքել է տարածված լուրերը։

Կառավարությունը հայտնում է, որ ոչ մի նախարարություն հնարավորություն չունի մուտքագրված պարտավորությունից ավելի ծախս անելու, հետևաբար, գերծախսի մասին լուրերն անհիմն են։ Ավելին` ըստ կառավարության պարզաբանման, պետական ապարատը անցած տարիների համեմատ այս տարի նույնիսկ ավելի քիչ գումար է ծախսել։

Հանրահավաքները կազդեն տնտեսության ու բյուջեի վրա. հայտարարում է ֆինանսների նախարարությունը

2018 թվականի ապրիլ ամսվա բյուջետային ծախսերը կազմել են 93,1 մլրդ դրամ, կամ տարեկան բյուջեի ծրագրավորված ծախսերի ընդամենը 6,8 տոկոսը: «Այն ոչ միայն ավելի չէ վերջին հինգ /2013-2017 թթ./ տարիների ապրիլ ամիսների համադրելի միջինից /8.5 տոկոս/, այլ նաև պակաս է 1.6 տոկոսային կետով»,– ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ` 2018 թ.-ի պետական բյուջեի առաջին կիսամյակում նախատեսված 646,2 մլրդ դրամի փոխարեն ֆինանսավորումը մայիսի 3-ի դրությամբ կազմել է 423.7 մլրդ։

Կառավարությունը եզրակացնում է, որ տարածված լուրերը ոչ միայն իրականության հետ կապ չունեն, այլև հանրությանն ապատեղեկացնելու միտում ունեն։

Հիշեցնենք` մամուլում առկա տեղեկությունների համաձայն` մի շարք նախարարություններ, օգտվելով ներքաղաքական վերջին ճգնաժամից, հասցրել են անխնա ծախսել բյուջեով իրենց հատկացված գումարի առյուծի բաժինը, որոշ նախարարությունների դեպքում ծախսը գերազանցել է բյուջեով տարեկան նախատեսված գումարի 50-70 տոկոսը։