ՌԱԴԻՈ

Ապրեսյան. «Որոշվել է միջազգային հանրությանը հասցնել, որ այստեղ զբոսաշրջիկին չեն նեղացնում»

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է այն մասին, թե Հայաստանի ներքաղաքական իրադարձություններն ինչպես են ազդել զբոսաշրջության վրա, և ինչ են որոշել այդ ոլորտի ներկայացուցիչները։
Sputnik
Մեխակ Ապրեսյան

Գաղտնիք չէ, որ զբոսաշրջությունը շատ զգայուն է ցանկացած նշանակալի իրադարձության նկատմամբ, լինի դա ներքաղաքական իրադարձություն, թե համաճարակ։

«Հայաստանում ի պատիվ լեգենդար հյուրընկալությամբ օժտված հայ ժողովրդի` այս իրադարձություններն անցնում են անցնում, և դրա մասին խոսում է նաև միջազգային հանրությունը»,- նշեց Ապրեսյանը։

Նրա խոսքով, սակայն, այս օրերին եղել են անհանգստություններ։ Մասնավոր հատվածից դիմումներ, հեռախոսազանգեր են եղել այն մասին, որ նախապես ամրագրված այցելությունների չեղարկումներ ունեն, ինչը բնական է։

Մայիսյան տոներին Հայաստան եկող ռուսաստանցիների թիվը կնվազի. ի՞նչն է վախեցրել զբոսաշրջիկին

Արձագանքելով մասնավոր հատվածի անհանգստությանը` Տնտեսական զարգացման նախարարությունում հանդիպում է կայացել, որին մասնակցել են ոլորտի ներկայացուցիչները։

Մասնավոր հատվածի ներկայացուցիչներն առաջարկել են ըմբռնումով մոտենալ հնարավոր չեղարկումներին և դրանց հետևանքով որևէ տուգանքներ չկիրառել չեղարկվող կազմակերպությունների կամ զբոսաշրջիկների նկատմամբ։

«Ընդհանուր դիրքորոշում ձևավորվեց հենց դրա շուրջ, որ եկեք բոլորս միասին անենք ամեն ինչ` ցույց տալով աշխարհին, որ այստեղ զբոսաշրջիկին երբեք չեն նեղացրել և չեն նեղացնում»,- նշեց Ապրեսյանը։

Հայաստանը պատրաստ է անել ամեն ինչ, որ իր դրական նկարագիրը չտուժի։