Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում որոշեցին երկրի երեսից ջնջել հայերին, որոնք տարածաշրջանի բնիկներ էին, ընդ որում` թուրքական ցեղերը Հայկական լեռնաշխարհում հայտնվել են X-XI դարերում։ Երիտթուրքերի շարժումը ստացավ արևմտյան որոշ երկրների` մանավորապես Գերմանիայի աջակցությունը ու քրդերի օգնությամբ նախորդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանում ապրող մեկուկես միլիոն հայի ոչնչացրեց։ Սակայն նրանց չի հաջողվել մինչև վերջ իրագործել իրենց մտահաղացումը` նրանք չկարողացան բնաջնջել։ Հայ ժողովուրդը կարողացավ վերապրել Ցեղասպանությունը։ Ապրիլի 24-ն ընդմիշտ մտավ պատմության մեջ. հենց այդ օրը 1915 թվականին Կոնստանդնապոլսում (ներկայիս Ստամբուլում) հայկական մտավորականության հարյուրավոր ներկայացուցիչներ սպանվեցին։ Ավելին` հայերի ջարդերը բնորոշող նոր եզրույթ ստեղծվեց` «ցեղասպանություն», որը մինչև այդ գոյություն չուներ։ Այդ ժամանակվանից ապրիլի 24-ը սգո օր է ոչ միայն հայերի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար. մարդկությունը չպետք է այդպիսի հանցանքներ տեսնի։
Հայ ժողովուրդն ապրեց, շատացավ ու աշխարհին նվիրեց մեծ թվով երևելի գյուտարարների, մարզիկների, կոնստրուկտորների, արվեստագետների, ծրագրավորողների, գործարարների… Նրանցից ոմանք ծնվել են հենց ապրիլի 24-ին` ասես խորհրդանշելով մեր հաղթանակն ու վերսկսված կյանքը։
Ալեքսիս Օհանյան
Ալեքսիսն այդ հայերից մեկն է` աշխարհի 100 խոշորագույն կայքերից մեկի` Reddit-ի 32-ամյա համահիմնադիրը, համաշխարհային թենիսի աստղ Սերենա Ուիլյամսի ամուսինը։ Forbes ամսագիրը նրան «համացանցի քաղաքապետ» է անվանել ու երկու տարի շարունակ նրան ներառել է «30-ից փոքր 30-ը» ցանկում` որպես բարձրագույն տեխնոլոգիաների հայտնի ներկայացուցչի։ 2013 թվականին Wired ամսագրում նրան նվիրված մեծ հոդված էր հրատարակվել ու նրան «նորարարության առանջորդ» անվանել։
Ալեքսիսը 1915 թվականի Ցեղասպանության սարսափների միջով անցած հայերի հետնորդներից է։ Երբ Քրիս ու Անկե Օհանյանների ընտանիքում ապրիլի 24-ին երեխա ծնվեց, Վերա հորաքոււյրը ցնծության մեջ էր։
«Հիշում եմ` ինչպես էր ուրախանում Վերա հորաքույրը, երբ Ալեքսիսը ծնվեց։ Նա փորձում էր դրա մեջ խորհուրդ տեսնել։ Հետո գիտակցեցինք, որ նր ալույս աշխարհ գալը վերածննդի խորհուրդ ունի, — մի առիթով ասել է Քրիս Օհանյանը։- Վերա հորաքույրս մեր տոհմածառն է պատկերել։ Այդ թուղթը մեր տանն է, ես այն որդուս կփոխանցեմ»։
Ալեքսիսը խոստովանում է, որ հայ լինելը նրա համար հաղթանակ է։
«Յուրաքանչյուր հայի հաջողություն հաղթանակ է Ցեղասպանության նկատմամբ։ Նրանք չկարողացան վերացնել մեզ, չկարողացան ստիպել լռել, մենք աշխարհով մեկ ծաղկում ենք», — ասել է նա հարցազրույցներից մեկում։
Վլադիմիր Ենգիբարյան
Ապրիլի 24-ին ծնված հայտնի հայերից է ԽՍՀՄ անվանի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ Վլադիմիր Ենգիբարյանը` 1956 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնը, Եվրոպայի եռակի չեմպիոնն ու ԽՍՀՄ եռակի չեմպիոնը։
Ենգիբարյանը ծնվել է Երևանում 1932 թվականին, 14 տարեկանում սկսել է բռնցքամարտով զբաղվել։
Նրան դժվարությամբ են վերցրել ԽՍՀՄ հավաքական։ Բայց հետո հավաքականի կազմում Վլադիմիր Ենգիբարյանը 1953թ-ին դարձել է Եվրոպայի առաջնության առաջին խորհրդային չեմպիոնը։ Նա անթերի անցել է մրցաշարային դիստանցիան և արժանացել ֆրանսիացիների ու անգլիացիների հարգալից և գովասանական արձագանքներին։ Անգլիացիները Ենգիբարյանին ներկայացրել են որպես վերջին տարիների ամենահմուտ թեթևքաշային` նրա ոճն անվանելով «անգլիական», ֆրանսիացիները նրան համեմատել են սևամորթ ամերիկացի մարզիկների հետ, որոնք հաճախ էին հաղթում տարբեր մրցումներում։
Մոլորակի բռնցքամարտիկներից շատ շատերն են 1950-ականներին անձամբ ծանոթացել նրա ամենահաջողված «խոյահարվածին», որը տասնյակ նոկաուտների պատճառ է դարձել։ Երբ Ենգիբարյանը բռնցքամարտել է Պրահայի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում ռինգի տիրոջ` բռնցքամարտիկ Իվանուշի հետ, երրորդ ռաունդում նա մի լավ հարված է հասցրել նրան։ Չեխը ճոճվել է իրեն հուսահատորեն երկրպագող դահլիճի աչքի առաջ, իսկ Ենգիբարյանը բռնել է մրցակցի մեջքից` թույլ չտալով, որ հակառակորդն ընկնի։
Մարտից հետո Վլադիմիր Ենգիբարյանին անձամբ շնորհակալություն է հայտնել Չեխոսլովակիայի նախագահը ջենտլմենական արարքի և գեղեցիկ հաղթանակի համար։
Մարզիկը մահացել է 2013 թվականի փետրվարի 1-ին։ Թաղված է Երևանի պանթեոնում։
Էդուարդ Փաշինյան
Այս օրվա ևս մեկ հոբելյար է հայ ու խորհրդային երաժշտագետ, մանկավարժ, կոմպոզիտոր, արվեստագիտության թեկնածու, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանը։
Նա ծնվել է 1923 թվականին Թիֆլիսում։ Փաշինյանը մասնակցել է Մեծ հայրենական պատերազմին ու երեք մեդալի է արժանացել` «Խիզախության համար», «Մարտական վաստակի», «Կովկասի պաշտպանության»։
Փաշինյանի աշակերտը` կոմպոզիտոր Արամ Սաթյանը, հարցազրույցներից մեկում հիշում է. «Փաշինյանի ուսանողները միշտ առանձնանում էին… Մենք մեր համակուրսեցիներից շատ ավելի պատրաստված էինք, քանի որ հնարավոր չէր չլինել այդպիսին, եթե Փաշինյանի աշակերտն էիր, դա պարզապես անհնար էր։ Նույնիսկ ամենածույլ ու ոչ ամենատաղանդավոր ուսանողը որոշ ժամանակ անց «ծաղկում», անճանաչելի էր դառնում։ Հիշում եմ` կար մի ժամանակ, երբ փորձում էինք մի քիչ «վաստակել»` այլ ուսանողների փոխարեն խնդիրներ էինք լուծում ու նրանց ծխախոտի հետևից ուղարկում։ Մենք լուծում էինք, նրանք` վազում։ Բոլորը գոհ էին, քանի դեռ Փաշինյանը չէր իմացել այդ մասին։ Իսկ երբ իմացավ, կատակեց։ Նա լրջորեն հարցրեց. «Իսկ իմ բաժինն ու՞ր է»։ Տեսնելով մեր շփոթությունը` նա ասաց. «Դուք իմ տված գիտելիքներից եք օգնվում ու վաստակում եք։ Ի՞նչ է, ինձ ոչինչ չի հասնում։ Դա սխալ է»։
Սաթյանը հիշում է, որ պրոֆեսորը հիանալի հումորի զգացում ուներ, ուստի նրա դասախոսությունները երբեմն ուղեկցվում էր անզուսպ ծիծաղով։
«Ամենակարևորն այն է, որ նա կարողանում էր ժամանակին, սուր ու դիպուկ կատակել` միաժամանակ ոչ ոքի չվիրավորելով, չնվաստացնելով», —ասում է նա։
Կոմպոզիտորը սիրում էր կրկնել. «Երաժշտական դպրոցում ձեզ յոթ տարի բացատրում էին` ինչը չի կարելի անել երաժշտության մեջ, իսկ ես սովորեցնելու եմ` ինչ է կարելի։ Փորձեք, համարձակ եղեք»։
Երևելի երաժիշտն ու մանկավարժը մահացավ 2004 թվականի նոյեմբերի 4-ին։