«Ելքը» պահանջում է ազատ արձակել պատգամավորներին

ԱԺ «Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել՝ ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և պատգամավորներ Արարատ Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի ձերբակալման վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. «Ելք» դաշինքը պահանջում է անհապաղ ազատ արձակել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ու նույն խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:

Կոչ եմ անում զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից և դրսևորել զսպվածություն. Սարգսյան

««Ելք» դաշինքը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ միրզոյանի ձերբակալությունը: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, ովքեր հանդիսանում են շարժման առաջնորդները և կարող ենք արդյունավետ կերպով համակարգել ժողովրդի գործողությունները` ապահովվելով դեպքերի խաղաղ ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ:

Քաղաքական ուժը նաև զսպվածության և բռնություններից զերծ մնալու կոչ է անում ՀՀ իշխանություններին:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը նախ հեռացվել էին հավաքի վայրից, ապա հայւտարարվեց, որ նրանք ձերբակալվել են:

Դատախազության տարածած հայտարարության համաձայն` նրանք բռնվել են հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, մասնավորապես՝ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները: Իսկ 2018թ. ապրիլի 19-ից 22-ը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպել են հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չեն իրազեկել լիազոր մարմնին: