Ով ում հետ կմրցի. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են

Վիճակահանությունից հետո պարզ է դարձել, թե ով ում հետ կմրցի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Կայացել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը, որից հետո պարզ է դարձել, որ արքայական «Ռեալը» մրցելու է «Բավարիայի» հետ, իսկ «Լիվերպուլը» դեպի Կիև տանող ճանապարհին հաղթողին որոշելու է «Ռոմայի» հետ դիմակայությունում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն «Արսենալն» ու «Աթլետիկոն», ինչպես նաև Մարսելի «Օլիմպիկն» ու «Զալցբուրգը»:

Տոկիոյի օլիմպիադայում Հայաստանի ծանրորդների թիվը կարող է սահմանափակվել. IWF–ի նոր կանոնը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բավարիա»-«Ռեալ» զույգը առաջին անգամ չէ, որ մրցում է ակումբային հեղինակավոր այս մրցաշարի կարևոր փուլերից մեկում: Ընդհանրապես «Բավարիան» ու «Ռեալը» եվրոպական ակումբներից ամենաշատը մրցել են իրար դեմ՝ արդեն 24 անգամ: Ընդ որում, երկու թիմերն էլ յուրահատուկ ռեկորդների հեղինակ են: «Ռեալը» հինգ անընդմեջ հաղթանակ ունի Չեմպիոնների գավաթի խաղարկությունում (1956-60թթ), իսկ «Բավարիան» վերջին ակումբն է որին հաջողվել է պատվավոր ավարին տիրել երեք անգամ անընդմեջ (1974-76թթ): Իսկ հիմա արքայական թիմը շատ լավ հնարավորություն ունի առաջինը եվրոպական թիմերից երեք անընդմեջ հաղթանակ տանելու Չեմպիոնների լիգայում: Չէ՞ որ «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգայի վերջին չորս խաղարկություններից երեքում:

Կիսաեզրափակիչի մյուս զույգի համար, խաղարկության այս փուլին հասնելն արդեն մեծ հաջողություն է: Ե՛վ «Ռոման», և՛ «Լիվերպուլը» քառորդ եզրափակիչում պայքարից դուրս են թողել Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդներից երկուսին՝ «Բարսելոնային» և «Մանչեսթեր Սիթիին» համապատասխանաբար: Թերևս մեկ տարբերությամբ: «Լիվերպուլը» երկու հաղթանակ տոնեց իր համերկրացիների նկատմամբ, իսկ «Ռոման» ֆանտաստիկ խաղով արդյունքի հասավ պատասխան մրցավեճում: Հետաքրքիր է, որ այս երկու թիմերը եվրագավաթների շրջանակում հանդիպել են 5 անգամ: Առաջին խաղում կողմերը մրցել են Չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչում: 1984 թվականին 11 մետրանոց հարվածներով հաղթանակի է հասել «Լիվերպուլը»:

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ամբողջ խաղաշրջանը․ Telegraph

Եվրոպայի լիգայում հայ ֆուտբոլասերին, անկասկած, առաջին հերթին հետաքրքրում էր, թե ով է լինելու «Արսենալի» մրցակիցը կիսաեզրափակիչում: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նախօրեին հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա երկու շաբաթ անց: Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը «Արսենալի» ու «Աթլետիկոյի» միջև կայանալու է ապրիլի 26-ին: Այսինքն չի բացառվում, որ այդ խաղին զինագործների կազմում մասնակցի նաև հայ կիսապաշտպանը, չնայած պարզ է, որ հայ ֆուտբոլիստը խաղային պրակտիկայի պակաս կունենա: Բայց, միևնույնն է, «Արսենալի» առաջատարներից մեկի՝ Մխիթարյանի ներկայությունը շատ կարևոր կլինի անգլիական թիմի համար: Շատ լավ կլիներ, որ թիմերը հանդիպեին եզրափակիչում, սակայն, ինչպես գիտենք, վիճակահանությունը կույր է լինում:

Եվրոպայի լիգայի մյուս կիսաեզրափակիչում հետաքրքիր մրցավեճ է սպասվում ֆրանսիական «Օլիմպիկ» (Մարսելի) և ավստրիական «Զալցբուրգի» միջև: Երկու թիմերն էլ պատասխան խաղերում կարողացան հաղթանակի հասնել առաջին խաղում պարտություն կրելուց հետո: Եվրոպայի լիգայի մրցաշարում և ֆրանսիական և ավստրիական այս թիմերը կիսաեզրափակիչում խաղալու են առաջին անգամ: