Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում. 41–ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ապրիլի 2-ին, Ժամը 20։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Խուդյանը Հաղթանակ գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 34 UN 856 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գավառ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Գաբրիել Հայրապետյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։

Նախնական տեղեկություններով՝ Գաբրիել Հայրապետյանն իր վարած DAF մակնիշի 34 FC 538 համարանիշի ավտոմեքենան կայանել էր ճանապարհի թույլատրելի հատվածում, որպեսզի ստուգեր ավտոմեքենայի արգելակների աշխատանքը, այդ պահին նա վրաերթի է ենթարկվել։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։