Ռեքս Թիլերսոնին ազատել են ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից

Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Twitter–ի իր պաշտոնական էջի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ազատել են զբաղեցրած պաշտոնից։ Նրան կփոխարինի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն։

Այս մասին Twitter–ի իր պաշտոնական էջում գրառում է թողել ԱՄՆ նախագահը։

Դոնալդ Թրամփի խոսքերով Պոմպեոն «ֆանտաստիկ կերպով գլուխ կհանի գործից»։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Թիլերսոնից իր աշխատանքի համար, նաև ասել է Կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրենի անունը։ Առաջին անգամ այդ կառույցը կղեկավարի կին` Ջինա Հեսպելը։