Երևանում տղամարդուն գցել են գետնին ու գողացել դոլարները

Համլետ Սողոյանի վրա հարձակվել են Ազատության պողոտայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Երևանում 69 տարեկան քաղաքացուն հարվածել, գցել են գետնին ու նրանից խոշոր գումար հափշտակել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 6-ին։ Ժամը 20։10-ի սահմանում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, որը ստացել է «վերին շրթունքի շրջանի կտրած-ծակած վերք» վնասվածք։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 69-ամյա Համլետ Սողոյանն է։ Նա ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Ազատության պողոտայի թիվ 19 հասցեի մոտ 2 անծանոթներ հարձակվել են իր վրա, նրանցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին, գցել գետնին, որից հետո իր տաբատի գրպանից հափշտակել իր մոտ եղած 2600 ԱՄՆ դոլարը և դիմել փախուստի։

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։