Նախկին դեսպանը դարձավ Մատենադարանի տնօրեն

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվեց Մատենադարանի տնօրեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Այսօր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը: Այս մասին տեղեկացնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։

Սերժ Սարգսյանի եղբայրը կզբաղվի Մատենադարանով

Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում էր ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։

Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց Մատենադարանի զարգացման իր հնգամյա ծրագիրը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Այնուհետև խորհուրդն անցկացրեց փակ, գաղտնի քվեարկություն: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվեց Մատենադարանի տնօրեն:

Կենսագրական տվյալներ.

Ծնվել է 1961 թվականի օգոստոսի 12-ին, Երևանում, հայագետ-արաբագետ Արամ Տեր-Ղևոնդյանի և հնագետ Սեդա Դևեջյանի ընտանիքում:

1978 թ. ավարտել է Երևանի թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը:

1978-1983 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ:

1983-1986 թթ. ուսանել և ավարտել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1986 թ.-ից։

Գանձասարում կգործի Մատենադարանի մասնաճյուղ

1986-1991թթ. Աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնում որպես գիտաշխատող:

1991-1993 թթ. ՀՀ նախագահի օգնական:

1993-1995 թթ. Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար:

1995-1998 թթ. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգենտինայում (համատեղությամբ նաև Ուրուգվայում և Բրազիլիայում):

1998-2003 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն:

2003-2005 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական:

2006-2008 թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանի Հանրապետությունում:

2008-2011թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ:

2008 թ. ցայսօր համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող:

2012 թ.-ից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ:

2014 թ.-ից Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար (համատեղելով բաժնի վարիչի պաշտոնը):

2016-2018թթ. Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար:

2017 թ.-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է։

2018թ մարտի 6-ից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը:

Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի և արաբերենի:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: