Նելլի Դանիելյան, Sputnik.
2016թ-ի սեպտեմբերի 29-ին ՀՀ-ի այն ժամանակ դեռևս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարմնի անդամներին հանձնարարեց կրճատել պետական գումարներն անհարկի վատնող ՊՈԱԿ-ներն (պետական ոչ առևտրային կազմակերպություն) ու ԾԻԳ-երը (ծրագրի իրականացման գրասենյակ)։
Հրապարակավ տրված այս հանձնարարության հետագա ընթացքը հանրության համար անհայտ մնաց։ Դրանից շուրջ 1.5 տարի անց էլ կառավարությունը որևէ հայտարարություն չի արել այն մասին, թե ինչ արդյունքների է հանգեցրել հանձնարարականը։
Պաշտոնական տվյալներ ստանալու համար Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր կառավարությանը, որտեղից ստացված պատասխանի համաձայն` 2016-2017թթ-ի ընթացքում ՀՀ-ում փակվել է 6 ՊՈԱԿ և նպատակային վարկային ու դրամաշնորհային 6 ԾԻԳ, օպտիմալացվել կամ միացման ձևով վերակազմավորվել է 27 ՊՈԱԿ, 2 ԾԻԳ, որոնցից վերակազմավորվել է 1-ը։
Այս գործընթացի արդյունքում կառավարությանը հաջողվել է խնայել շուրջ 1 մլրդ 352 մլն դրամ։ Բայց եթե պետական բյուջեն վարչապետի հանձնարարականի կատարման արդյունքում շահել է, ՀՀ 445 քաղաքացի տուժել են։
ՀՀ ֆինանսների նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 2016-2017թթ-ի ընթացքում ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի լուծարման ու օպտիմալացման արդյունքում կրճատվել է 445 աշխատատեղ։
Կարեն Կարապետյանի կառավարման առաջին հանձնարարականներից մեկի կատարման արդյունքում խնայված գումարն առաջին հայացքից կարող է պատկառելի թվալ, բայց շուրջ 2 տասնյակ օպտիմալացված ՊՈԱԿ-ներն իրականում, պարզվում է, պետական բյուջեից սնվող կազմակերպությունների միայն մի աննշան մասն են։
Ֆինանսների նախարարությունից մեզ հայտնեցին, որ 2018թ-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է 1859 ՊՈԱԿ և 6 ԾԻԳ։
Թե գործող ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները միասին տարեկան որքան գումար են վատնում, դժվար է հաշվել։ Դրանց մասին տեղեկությունը ՀՀ կառավարության պաշտոնական կայքում լիարժեք չէ։ Այս պահին e-gov.am կայքում պետական բյուջեից ֆինանսավորում ստացած միայն 15 ՊՈԱԿ է նշված, որոնք բոլորը միասին 4 506 381 700 դրամի ֆինանսավորում են ստացել։
Համեմատության համար նշենք, որ 2017թ-ին նույն կայքում հրապարակվել էր ընդամենը 46 ՊՈԱԿ-ի ֆինանսավորման տվյալ։ Պետական բյուջեից դրանց ֆինանսավորումը կազմել է շուրջ 7 563 707 800 դրամ։
Հավելենք, որ եթե շուրջ 2000 ՊՈԱԿ-ներից մի քանի տասնյակի բյուջետային ծախսերը գոնե հրապարակվում են կառավարության կայքում, ապա ԾԻԳ-երի մասին տեղեկատվությունն ընդհանրապես չի հրապարակվում։