Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում. հարկայինները «խելոքացել են», մաքսայինները համառում են

Հարկային ոլորտում հաջողվել է նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, դատական կամ կրթական ոլորտում, հակառակը, խնդիրներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Չնայած Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հոռետեսական գնահատականներին` միջազգային կառույցների զեկույցներում այս ուղղությամբ առաջընթաց կա։ Sputnik Արմենիային նման կարծիք հայտնեց «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Մակարյանը։

Առանց չինովնիկի «տանիքի» կամ հերթական սփյուռքահայ գործարարից գողացված բիզնեսը

Transparency International կազմակերպությունը հրապարակել է 2017թ-ի Կոռուպցիայի ընկալման ամենամյա ինդեքսը։ Հայաստանը զբաղեցրել է 107-րդ տեղը` 100 հնարավորից հավաքելով 35 միավոր, ինչը երկու միավորով շատ է, քան 2016թ-ին։ Երկու տարի առաջ Հայաստանը 33 միավորով զբաղեցրել էր 113-րդ հորիզոնականը։ Հարևան Վրաստանը 56 միավորով զբաղեցրել է 46-րդ տեղը, Թուրքիան 40 միավորով 81-րդ տեղում է, Ադրբեջանը 31 միավորով 122 հորիզոնականում է։

Այս վարկանիշն արդյոք չի վկայո՞ւմ, որ Հայաստանը կոռուպցիան արմատախիլ անելու հարցում դոփում է տեղում։ Մակարյանի կարծիքով` ոչ, դրական տեղաշարժեր կան։

«Մենք` որպես հասարակական կազմակերպություն, պարբերաբար քննարկել ենք իրավիճակը գործարարների, տարբեր մակարդակի պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Օրինակ` հարկային ոլորտում կաշառք տալու և վերցնելու դեպքերը հասցված են նվազագույնի։ Այդ մասին մասնավոր զրույցներում ասում են հենց իրենք` գործարարները։ Իրավիճակը մի քիչ վատ է մաքսային ոլորտում», — ասում է Մակարյանը։

Վարկանիշում ներկայացված թվերն արտացոլում են Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը մյուս երկրներից համեմատ։ Այդ է նման վարկանիշներ կազմելու մեթոդաբանությունը։

«Ամեն ինչ երևում է համեմատության մեջ։ Ամբողջ աշխարհում պայքար են մղում կոռուպցիայի դեմ, ինչ-որ մի տեղ` ավելի լավ, մեկ այլ տեղ` ավելի վատ։ Լիովին հնարավոր է, որ Բուլղարիայում և Ռումինիայում կարողացել են հասնել ավելի լուրջ արդյունքների, քան Հայաստանում։ Բայց չի նշանակում, որ մեզ մոտ ոչինչ չի արվում», — ասաց Մակարյանը։

Գործարարն ու հարկային տեսուչը կշփվեն հաճույքով, բայց ոչ ստվերում

Նրա կարծիքով` կոռումպացվածության մակարդակն անհրաժեշտ է գնահատել յուրաքանչյուր ոլորտում առանձին։ Transparency International-ի զեկույցը միջինացված գնահատական է տալիս։ Նման օրինակ է Համաշխարհային բանկի Doing business վարկանիշը, ըստ որի` Հայաստանը մի քայլ նահանջել է, բայց միաժամանակ որոշակի առանցքային ցուցանիշներ իսկապես բարելավվել են։

Մակարյանի խոսքով` նույն կրթության ոլորտում նախկինի պես պահպանվում են կոռուպցիոն դրսևորումները, նույնը կարելի է ասել դատական համակարգի մասին։ Ի հակակշիռ դրանց, ինչպես նշվեց վերևում, հարկային մարմիններում առաջընթացն ակնհայտ է։

«Առանձին չափանիշներով մենք հետ ենք մնում, և հենց այդ չափանիշներն էլ ձևավորում են ընդհանուր պատկերը», — ասաց փորձագետը։

Մակարյանը համոզված է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը պետական և հասարակական հատվածների միջև ակտիվ փոխազդեցություն է ենթադրում։ Պետք է մշտապես երկխոսություն վարել գոյություն ունեցող թերությունները բացահայտելու և վերացնելու համար։