«Ծագող» Դիանա Աբգարի երկիրը. ինչպես է Ճապոնիայում հայուհին փրկել իր ժողովրդին

1859 թվականի աշնան կեսերին մեծահարուստ վաճառական Հովհաննես Աղաբեկը, որը իր մեծ բիզնեսն էր հիմնել բրիտանական Հնդկաստանում` այն հատվածում, որն այսօր Մյանմա, իսկ այն ժամանակ Բիրմա էր կոչվում, յոթերորդ երեխային լույս աշխարհ բերեց` Անահիտին։
Sputnik

Աղաբեկի ընտանիքը Հնդկաստան է տեղափոխվել Սպահանի մերձակայքում գտնվող Նոր Ջուղայից (ուր հայերին տեղափոխել էր Պարսից շահ Աբաս Առաջինը)` փրկելով թուրքերից, փրկելով նրանց արհեստն ու հարստությունը, սակայն առաջին հերթին` նրանց կյանքը։ Աղաբեկի ընտանիքին Հնդկաստանը գրավեց առևտրի անսահման հնարավորություններով, և նրանք տեղափոխվեցին Կալկաթա։ Այն ժամանակ hայ արհեստավորներից ու վաճառականներից շատերն էին տեղափոխվել այդ արտասովոր քաղաք` քարի վրա փորագրելու հմտությամբ, գորգագործությամբ, թանկարժեք քարերի մշակմամբ, ոսկերչական արվեստով և դրամահատումով զարմացնելով անգամ զարգացած մշակույթ ունեցող Հնդկաստանին։

Կարսում ծնված ծովակալը` «առանց ոտքի, բայց գլխով»

Անահիտի ծնվելուց հետո ծնողները Կալկաթա վերադարձան և նրան «Արևելյան սեմինարիա» սովորելու տվեցին։ Հենց այդտեղ էլ Անահիտը սկսեց ուսումնասիրել անգլերենն ու սանսկրիտը, իսկ հայերենը սերտել էր դեռ փոքր տարիքից. տանը միայն մայրենի լեզվով էին խոսում։ Սեմինարիայում Անահիտը ուսանում էր Ռաբինդրանաթ Թագորի հետ։

Ամուսնանալ չէր շտապում, ընդ որում` այն տարիներին աղջիկները վաղ էին ամուսնանում։ Միայն 29 տարեկանում նա ամուսնացավ մեծահարուստ վաճառական Միքայել Աբգարի հետ։ Թերևս զուր չէր այդքան սպասել, Միքայելն Անահիտին խենթի պես էր սիրում և Դիանա էր անվանում։ Այդպես Անահիտը Դիանա Աբգար դարձավ։

Հարսանեկան ճանապարհորդությունը հետաքրքիր է։ Ամուսինները հասցրին շրջագայել Հոնկոնգում, Չինաստանում և Ճապոնիայում։ Ծագող արևի երկրում` հին Կոբե քաղաքում էլ հենց որոշեցին բնակություն հաստատել, այնտեղ առևտրային ընկերություն հիմնեցին, որը զբաղվում էր տարբեր ապրանքների արտահանմամբ և ներմուծմամբ, իրենց հյուրանոցը կառուցեցին, որը «Մեծ արևելյան հյուրանոց» էր կոչվում։

Դիանա Աբգարը հետաքրքրվում էր այն ամենով, ինչն իր ուժերի սահմանում էր։ Մի օր Ինդոնեզիայում, որտեղ ամուսիները հայտնվել էին աշխատանքի բերումով, նա տեղի թերթում մի հոդված հրապարակեց։ Ինդոնեզիայի քաղաքների բնապահպանական վիճակի մասին գրառումներ էին։ Հոդվածները նրան ճանաչում բերեցին, և ամուսինները յուրային դարձան նաև այս երկրում։ Այնուհետև նա սկսեց վեպեր ու պատմվածքներ գրել։ Առաջին իսկ տպագրված պատմվածքը մեծ հաջողություն ունեցավ, և Դիանա Աբգարը Ճապոնիայի ամենապահանջված անգլալեզու հեղինակը դարձավ։

Գառզու․ Ներայացումներ՝ կտավների վրա

Դիանայի ամուսինը` Միքայելը, շատ վաղ մահացավ` 1906 թվականին։ Դրանից հետո Դիանան երեխաների հետ տեղափոխվեց Իոկոգամա, որտեղ նոր առևտրի տուն հիմնեց` ապրանքներ մատակարարելով ոչ միայն դեպի Ասիա, այլև Եվրոպա և ԱՄՆ։

Շուտով նրան աշխատանք առաջարկեցին Ճապոնիայի ԱԳՆ-ի արձանագրությունների բաժնում։ Դիանան լրացուցիչ եկամտի կարիք չուներ, սակայն հաճույքով համաձայնեց։ Վառ և գեղեցիկ հայուհին կարճ ժամանակ անց ամենանկատելի դեմքերից մեկը դարձավ։ Անկրկնելի շարժուձևով և անզուգական ճաշակով նա նախարարական և կառավարական մակարդակով հանդիպումների պարտադիր մասնակիցն էր։

Նրան հոդվածներ էին պատվիրում նաև «Թայմսն» ու «Ֆիգարոն»։

1909 թվականը Կիլիկյան Ադանայում հայերի դեմ նոր բռնություն գործադրվեց։ Դիանան դրանց արձագանքեց հոդվածներով, ճապոնական և արտասահմանյան մամուլում իր վեպերով։ Հրատարակչություններում լույս տեսան նրա գրքերը։ Նա այդ ժամանակ նամակագրություն է վարում հայտնի քաղաքական և հասարակական գործիչների հետ, որոնց թվում նաև Նյու Ջերսիի նահանգապետ Վուդրո Վիլսոնն էր։

Հայոց ցեղասպանությունից հայերը փրկվելով ոչ միայն արևմուտք և հյուսիս էին փախչում, այլև շատերը արևելք գնացին։ Մոտ 500 մարդ փախավ Վլադիվոստոկ, որն այն ժամանակ բռնազավթել էր Ճապոնիան։ Իշխանությունները գողությունն ու մուրացկանությունը կանխելու համար նավահանգստային քաղաք ժամանած հայերից պահանջում էին, որ նրանցից յուրաքանչյուրն առնվազն 1500 ճապոնական իեն ունենար։

Վիկտոր Համբարձումյան. Տիեզերքների արարիչը

Թերթերում այն ժամանակ գրում էին, որ Դիանա Աբգարի ընկերությունը հայ փախստականների համար վերածվել էր դիվանագիտական առաքելության, իսկ տունը` ժամանակավոր կացարանի։ Նրա երաշխավորմամբ Ճապոնիայի իշխանությունն ու եվրոպական երկրների հյուպատոսները հայ փախստականներին անցագրեր տվեցին։ Տեղի ոստիկանությունում նրա մի խոսքն ավելի մեծ արժեք ուներ, քան որևէ պաշտոնական փաստաթուղթ։

Ծագած անախորժությունների դեպքում իշխանությունները դիմում էին տիկին Աբգարին, և նա բարի խոսքով, նյութական միջոցներով օգնում էր այդտեղ հայտնվածներին` նրանց ճիշտ խորհուրդներ տալով։

Հեռավոր Արևելքում տիկին Աբգարը միակ մարդն էր, որ օգնում էր հայերին։ Հայերը ո՛չ լեզու գիտեին, ո՛չ տեղի սովորույթներին էին ծանոթ։ Նա այնպիսի նյութական աջակցություն էր ցուցաբերում, որ իր շռայլությամբ հարազատ երեխաներին լուրջ մտահոգության առիթ տվեց։ Հաճախ Ամերիկայի և Անգլիայի իշխանությունները նրա երաշխավորությամբ հայերին գումար էին հատկացնում, որպեսզի այդ մարդիկ կարողանային Ամերիկա կամ Անգլիա հասնել։ Նրա խնդրանքով շոգենավային ընկերությունները հայերին մեծ զեղչերով տոմսեր էին տրամադրում։

Հենց Դիանա Աբգարի գործունեության շնորհիվ էր, որ 1918 թվականին Ճապոնիան առաջիններից մեկը ճանաչեց Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունը։ 1920 թվականի հուլիսին` Սևրի պայմանագրի ստորագրման նախաշեմին, ՀՀ վարչապետ և արտգործնախարար Համազասպ Օհանջանյանը Դիանա Աբգարին դիվանագիտական ներկայացուցիչ և Հայաստանի գլխավոր հյուպատոս նշանակեց Հեռավոր Արևելքում, իսկ Ճապոնիայում` Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Դիանա Աբգարի գերեզմանի, ինչպես և հարևանությամբ գտնվող ամուսնու գերեզմանի կողքին սպիտակ քարից խաչ է դրված։ Նրանց շիրիմները գտնվում են Իոկոգամայի «Գայձին Բոտի» գերեզմանատանը, որտեղ օտարերկրացիներին են թաղում։ Գերեզմանները խնամված են նաև այսօր. ճապոնացիները մոռացկոտ չեն։ Իսկ մե՞նք։