Մոսկվայում մի քանի ռեստորանների սեփականատեր, «Խոհանոց Գայանե ջան. հայկական բաղադրատոմսեր» գրքի հեղինակ, World Cookbook Awards Gourmand 2017-ում «արծաթի» արժանացած Գայանե Բրեիովան տևական ժամանակ զբաղվում է հայկական խոհանոցի տարածմամբ, ինչպես նաև ակտիվ զարգացնում է «հումակերությունը»։ Այժմ նա Երևանում է և իր այցի նպատակների մասին ու Երևանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին պատմել է Sputnik Արմենիային։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։
-Երևան եք ժամանել ձեր ռեստորաններից մեկի շեֆ խոհարար Ռուսլան Ահմեդովի հետ։ Այստեղ ռեստորան բացելու մտադրություն ունե՞ք։
— Այո, եկել եմ շեֆ խոհարարիս հետ։ Հայրենիքում ռեստորան բացելու գաղափարը երբեք ինձ չի լքել, ես միշտ էլ ուզել եմ դա։ Մյուս կողմից` հիանալի գիտակցում եմ, որ ռեստորանային բիզնեսով պետք է ապրել, ոչ թե զբաղվել։ Սակայն ես այստեղ չեմ ապրում, այդ պատճառով էլ միշտ վախ կա` կկարողանա՞մ արդյոք իրականացնել նախագիծը, պահպանել իմ հաստատությունների համար ընդունելի մակարդակը։ Եվ հարցն այստեղ այնքան որակը չէ, որքան այն հույզերը, որոնք մենք տալիս ենք մեր հյուրերին։ Մենք մարդկանց փակ խմբի համար համտես էինք կազմակերպել։ Հետագայում կշարունակվի համագործակցությունը, թե ոչ, կախված է երկկողմ բանակցություններից, դեռևս հստակ ոչինչ ասել չեմ կարող։ Սակայն եթե ամեն ինչ ճիշտ գնա, ապա ես բաց եմ և ուրախությամբ պատրաստ եմ աշխատանքի անցնել։
- Հենց այդ նպատակո՞վ եք Երևան եկել…
— Այո, այցիս նպատակը իմ խոհարարական հայեցակարգը ցույց տալն է, հայկական խոհանոցի նոր սահմանները ցուցադրելը։ Դա այն է, ինչ այժմ ինձ ոգեշնչում է։
- Դուք նաև քարոզում եք հում մթերք ուտելը։ Այդ ուղղությունը Հայաստանում կողջունե՞ն` հաշվի առնելով ազգային խոհանոցի առանձնահատկությունները։
— Իհարկե, սկզբում պետք է փորձել հասկանալ` շուկան պատրաստ է դրան, թե ոչ։ Սակայն ես մի փոքր այլ հայեցակարգի կողմնակից եմ։ Իմ կարծիքով, եթե շուկան հասունացել է, ապա մենք արդեն ուշացել ենք, այսինքն միշտ պետք է մյուսներից առաջ անցնել։ Ով կմտածեր, որ հայկական գինիներն այսքան ճանաչված կդառնան։ Երբ մոտ հինգ տարի առաջ Երևանում բացվեց առաջին մասնագիտացված գինու ռեստորանը, ոչ ոք այդ նախագծին չէր հավատում, իսկ այսօր, տեսեք, թե ինչ հիանալի միտում կա։ Միշտ պետք է պիոներ լինել։ Առավել ևս, որ ես չեմ քարոզում բուսակերությունն ինքնին, այլ պարզապես պայքարում եմ, որ սննդակարգում ավելանա բուսական սննդի մասնաբաժինը։ Ի դեպ, մեր ուտեստները շատ պահանջված են և արդեն շուրջ չորս տարի է` հյուրերի շրջանում մեծ հաջողություն են վայելում։
- Դուք մի քանի տարի առաջ սկսել եք հայկական խոհանոցը քարոզել Մոսկվայում։ Մեր խոհանոցի նկատմամբ հետաքրքրության աճ կա՞։
— Իհարկե, չէ՞ որ հսկայական ներդրում է արվել, ընդ որում ամեն ինչ բավականին նուրբ է արվել և կուլտուրական։ Ագրեսիվ քարոզ չէ, այն միշտ արել ենք սիրով, իսկ երբ բացվեց իմ հայկական ռեստորանը, քարոզն ավելի նպատակաուղղված էր։ Ես մինչ այդ ևս ջանացել եմ հանրահռչակել մեր խոհարարական ավանդույթները (տարբեր ելույթներում, հարցազրույցներում), սակայն կոնկրետ հարթակի առկայությունն ամեն դեպքում իր մեծ դերն ունեցավ։ Հյուրերս հիմնականում օտարերկրացիներ են, ռուսաստանցիներ, դե իհարկե, նաև սփյուռքահայեր։
Եվս մեկ լուրջ խնդիր կա, որը դրել եմ իմ առաջ։ Հայրենական խոհանոցի տարբեր կողմերը բացահայտելով, հայկական մթերքներից հետաքրքիր ֆյուժն (հայկական ակցենտով ուտեստներ) ստեղծելով` ես ռուս շեֆ խոհարարների ուշադրությունը հրավիրում եմ մեր մթերքներին։ Առավել ևս, որ այսօր դրանք հեշտությամբ մատակարարվում են Մոսկվա։
- Դուք երկու դուստր ունեք։ Մեկը պրոֆեսիոնալ պարուհի է, մյուսը դեռ դպրոց է հաճախում։ Նրանցից որևէ մեկը ձեր գործը շարունակելու ցանկություն ունի՞։
— Ոչ (ծիծաղում է)։ Նրանք երկուսն էլ շատ լավ պատրաստում են, բայց մեծն իսկապես պարերով է զբաղվում, իսկ կրտսերը սովորում է 10-րդ դասարանում և երգում է։ Նա ջազային վոկալով է պարապում Մարիամ Մերաբովայի մոտ։
Ավագ դուստրս ավելի շատ է հակված առողջ սննդին, նա լավ է ուսումնասիրել մակրոբիոտիկան։ Նրա շնորհիվ ես բացահայտում էի այդ խոհարարական ուղղության առանձնահատկությունները։ Ամեն անգամ, երբ նրան հյուր եմ գնում, զարմանալի ուտեստներ է հյուրասիրում։ Կրտսերս էլ ավելի «համեղ ձեռք» ունի, նա հիանալի թխում է։ Արթնանում եմ առավոտյան, իսկ ինձ արդեն սպասում են սուրճն ու համեղ թխվածքը (ժպտում է)։
Չգիտեմ, թե ինչ է լինելու ապագայում, ինչպես կլինի արդյունքում, չէ՞ որ ես էլ հա՛մ տնտեսագետի կրթություն եմ ստացել, հա՛մ թատերական։ Խոհարարության հետ որևէ կապ չկա։ Ամեն ինչ աստծու ձեռքում է, տեսնենք` ինչ կլինի, կանխատեսումներ չեմ անում։
- Ինչպե՞ս եք վերաբերվում հայ-ադրբեջանական խոհարարական բաթլներին («կռիվներին»), որոնք ծավալվում են սոցցանցերում։
— Ես տեղյակ եմ ամենից։ Բարդ ու հակասական հարց է, որին միանշանակ պատասխան չունեմ։ Միշտ անկեղծ ասել եմ, որ խոհանոցը մարտի դաշտ չէ։ Մենք առանց այդ էլ այնպիսի քաղաքականություն ունենք, որը թույլ չի տալիս հանգիստ ու երջանիկ ապրել, ցավալի է, որ դրան ներգրավված է նաև սննդի մշակույթը։ Չէ՞ որ սնունդն անմիջական կապ ունի սեղանի հետ։ Իսկ սեղանը կլոր է. այն մերձեցնում է, իր շուրջ մարդկանց հավաքում։ Կարծում եմ` հիանալի կլիներ, եթե մենք պարզապես կարողանայինք հետևել այդ փիլիսոփայությանը։
Արդյո՞ք պետք է պայքարել ստեղծված իրավիճակի հետ։ Հստակ ասել չեմ կարող։ Պարզապես պետք է շարունակել լավ անել այն, ինչ անում ես, որպեսզի հետագայում հպարտանալու բան ունենաս, այլապես մեզանից ոչ միայն տոլման կխլեն։ Խոստովանեմ` ես ընդհանրապես չէի արձագանքի բացասաբար, ագրեսիվ, ոչ ադեկվատ տրամադրված մարդկանց, որոնք դրանից հատուկ պատերազմ են փորձում սարքել։
- Դուք շատ եք ճանապարհորդում։ Նշեք ամենաարտասովոր խոհանոցը կամ ամենայուրօրինակ ուտեստը, որը համտեսել եք։
— Կարծում եմ` ամեն դեպքում դա չինական խոհանոցն է։ Երբ Չինաստանում էի, վստահ էի, որ ամեն ինչ կփորձեմ։ Սակայն շուկայում, երբ տեսա բոլոր այդ միջատներին, որոնց տապակում են անճանաչելիության աստիճանի, կամ որոնք շարժվում են, պարզապես այդքան ուժ չգտա նման քայլի դիմելու համար։ Այդ պատճառով դա ինձ համար ամենատարօրինակ ուղղությունն է խոհարարության մեջ, իսկ մնացած ամեն ինչը` կրիաներից մինչև կոկորդիլոս, փորձել եմ։ Ինձ ամեն ինչ դուր է գալիս, ամեն ինչն էլ հետաքրքիր է…
- Երևան գալուց առաջ գրել եք, որ ուզում եք կերպարանափոխվել, անճանաչելի դառնալ, որպեսզի շրջեք Երևանի փողոցներով։
— Այդպես էլ կա (ծիծաղում է)։ Դե, հասկանալի է, որ հումոր էր, բայց նման ցանկություն իսկապես կար։ Բանն այն է, որ ես բացարձակ խելահեղ ռիթմով եմ ապրում։ Ինձ դա դուր է գալիս, իմ գիտակցաբար ընտրությունն է, սակայն մյուս կողմից այնքան եմ կարոտում Երևանը, հենց այն Երևանը, երբ դու կարծես ճիշտ պահին ճիշտ տեղում ես գտնվում։ Երբ պատրաստում եմ, հարցազրույցներ տալիս, շփվում մարդկանց հետ, շատ հաճելի է, սակայն այսպես, թե այնպես, դա աշխատանք է։ Երբ զբոսնում եմ փողոցներով և ինձ ճանաչում են, ընկնում եմ ուրիշների ազդեցության տակ։
Իսկ այն վիճակը, որը ցանկանում եմ վերապրել, լրիվ այլ է։ Պարզապես ուզում եմ հագնել մարզակոշիկներն ու անտեսանելի շրջել սիրելի քաղաքի փողոցներով, այսպես ասած, կտրվել ամեն ինչից։ Դա այն է, ինչի կարիքն այնքան ունեմ։
- Ինքնատիպ մեդիտացիա…
— Բացարձակ մեդիտացիա։
- Մի քանի բլից հարցեր ունեմ… Ի՞նչ եք անում արթնանալուն պես։
— Առաջին հերթին ժպտում եմ ինքս ինձ և շնորհակալություն հայտնում Տիեզերքին, որ նոր օր է բացվել։
- Թե՞յ, թե՞ սուրճ։
— Սուրճ։
- Տանը ամենից հաճախ ի՞նչ եք պատրաստում։
— Տարբեր, քանի որ որոշակի շրջաններ միս չեմ ուտում, ապա ձուկ բանջարեղենով։
- Սիրած աղանդերը։
— Միկադո։
- Ինչպե՞ս եք հաղթահարում սթրեսը։
— Միջովս եմ անցկացնում։ Դադարել եմ հաղթահարել այն, քանի որ ցանկացած հաղթահարում պայքար է, իսկ պայքարի մեջ հակասական հույզեր են ծնվում։ Այդ պատճառով անցկացնում եմ միջովս, հասկանում եմ, որ ժամանակավոր է և կավարտվի։
- Խոհարարության մեջ ամենահիմնական կանոնը։
— Սեր։
- Ուժեղ կնոջ ամենագլխավոր հատկանիշը։
— Սեր։