Ո՞վ է կրակել ու փողոցում թողել արնաշաղախ շանը. Գյումրու քաղաքապետարանի մեկնաբանությունը

Город Гюмри
Գյումրիում թափառող շների վնասազերծման հարցով զբաղվող ընկերությունը վստահեցնում է, որ շանը փողոցում թողնելը ձեռնտու չէ որսորդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում շանը կրակելու ու գետնին ընկած թողնելու փաստը որևէ կապ չունի մեզ հետ, Sputnik Արմենիային ասացին Գյումրու քաղաքապետարանից` արձագանքելով հայկական ԶԼՄ-ների հրապարակումներին։

Лабрадор
Երբ շներին ստերջացնելը վերելակը վերանորոգելուց թանկ է

«Այդ դեպքը ոչ մի կապ չունի քաղաքապետարանի հետ, ճիշտ է` թափառող շներին վնասազերծում են կրակոցով, սպանված շունն արժե 1000 դրամ, բայց սա այդ դեպքը չէ։ Նախ՝ շների վնասազերծմամբ զբաղվող կազմակերպությունն առավոտ վաղ է դա իրականացնում, իսկ այդ կրակոցը Գյումրու կենտրոնական փողոցում կեսօրից հետո է հնչել: Ըստ բնակիչների` «Վոլգա Գազ 24-10» մակնիշի մեքենայից են կրակել ու սպանել շանը, իսկ ընկերությունը կամիր «բուդկա» «Մոսկվիչ» մեքենա ունի», — Sputnik Արմենիային տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության և բնակկոմունալ ծառայության պետ Կնյազ Մանասյանը։

Նա նշեց, որ ավելի քան մեկ շաբաթ է` այդ գործընթացն իրականացնում է «Զբոսայգիներ և պուրակներ» ՓԲԸ-ն, իսկ մինչ այդ հարցով զբաղվել է «Հավերժ հիշատակ» ընկերությունը:

Ի դեպ, Գյումրիում միայն այս ընկերությունն է շներին վնասազերծելու համաձայնություն տվել. նախ ասում են՝ եկամտաբեր չէ, հետո` որսորդ գտնելն է դժվար, ի վերջո` մարդկանց հետ է դժվար. հա՛մ ահազանգում են, հա՛մ մեղադրում:

Նախաքրիստոնեական Հայաստանում երկվորյակ շների պաշտամունք է եղել
Շան պաշտամունք, կամ ինչու են նախաքրիստոնեական Հայաստանում շներին տերերի հետ թաղել

«Զբոսայգիներ և պուրակներ» ընկերության տնօրեն Հովսեփ Ավետիսյանը ևս պնդեց՝ իրենք վնասազերծման են ելնում առավոտյան 7։30-ից-8։30 ոչ ուշ: Շներին միայն որսորդի կրակոցով են վնասազերծվում, բայց հետագայում ուզում են թափառող շներին ինչ-որ տարածքում հավաքել, թեև դա բավականին շատ խնդիրների հետ է կապված:

Ինչ մնում է կրակելուց հետո շանը փողոցում թողնելուն, Ավետիսյանը բացառեց այդ տարբերակը:

«Որսորդը գումար է ստանում շան դիմաց, և նրան ձեռնտու չէ, որ կենդանուն թողնի փողոցում: Մեր որսորդը 30 տարվա փորձ ունի, հետո էլ կրակելուց առաջ նախ հարևաններից են հարցնում: Այնպես որ շանը սպանողներին պետք է այլ տեղ փնտրել»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների հրապարակումների` անհայտ անձինք Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում կրակելով շուն են սպանել և, արնաշաղախ կենդանուն թողնելով գետնին, հեռացել են։