Էներգախնայող սուրճ. ինչպես են նորարարությունները թույլ տալիս բիզնեսմեններին տնտեսել

Եթե էներգիան տնտեսում ես, ուրեմն գումար էլ ես տնտեսում։ Այդ պատճառով էլ Հայաստանում հետզհետե ավելանում են էներգաարդյունավետության հարկերը։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik

Որքա՞ն ածխաթթվային գազ է մթնոլորտ նետում սուրճի «անմեղ» ավտոմատ սարքը կամ գրենական պիտույքների խանութը։ Հարյուրավոր տոննա։ Իհարկե, միանգամից չէ, այլ 15-20 տարի աշխատելու ընթացքում։ Բայց կարելի է այնպես անել, որ մթնոլորտում ածխաթթուները պակասեն, իսկ գրպանում եղած գումարն էլ ավելանա։

Սա դեռ սկիզբն է. Թուրքիայի սահմանին հայկական արևային էլեկտրակայան բացվեց. լուսանկարներ

Հաց թխելու, կոշիկ կարելու կամ հյուրանոցային համարը լուսավորելու համար հայկական բիզնեսմենները երեք անգամ շատ էներգիա են ծախսում, քան եվրոպացիները։ Իսկ որքան քիչ փող ծախսվի, բնականաբար, այնքան ավելի լավ կլինի։

«Երկկողմանի շահավետությունը հնարավոր է։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում սովորեն դրան», — ասում է Գևորգ Թումանյանը` Հայ-գերմանական հիմնադրամի (GAF) տնօրենը։ Հիմնադրամը, Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ համագործակցելով, էներգաարդյունավետության ծրագիր է իրականացնում։ Ուզում են տեղական բանկերին օգնել, որ փոքր ու միջին բիզնեսին վարկեր տրամադրեն այն ամենի համար, ինչն օգնում է էներգիա խնայել (ջերմամեկուսացում, էներգախնայող լամպեր) կամ «կանաչ» էներգիայի անցնել (օրինակ` արևային)։

Նախագծերից մի քանիսն արդեն արդարացել են սպասումները։ Աբովյան քաղաքի գրենական պիտույքների խանութներից մեկը ջեռուցման ու լուսավորության հաշվին մոտ 60% էներգիա է խնայում։ Ընդ որում, այնտեղ ոչ ցրտել է, ոչ էլ մթնել։

Մյուս առաջատարը Երևանի սուրճի սարքավորումների օպերատորներից մեկն է, որ գրեթե 20% է տնտեսում ու սկսել է թղթից բաժակներ արտադրել։

Արևային էլեկտրակայանները էներգետիկ անկախություն կպարգևեն Հայաստանին

Պրակտիկ գերմանացիները հենց այնպես գումար չեն տրամադրում։ Դրա համար բիզնեսի էներգաարդյունավետությունը պետք է գերազանցի 15%-ը։ Կա նաև պայմանական 100%, բայց Հայաստանում դա առայժմ անիրական է։ Խոսքը զրոյական արտանետման մասին է։ Այսինքն, օրինակ, էներգամատակարարումն ամբողջովին իրականացվում է արևային վահանակներով ու ջրի տաքացուցիչներով (եթե հաշվի չառնենք, որ արևային վահանակների արտադրությունն էլ բնության վրա ազդեցություն ունի)։

Սեփական արդյունավետության չափը կարելի է հաշվարկել էներգետիկ աուդիտի միջոցով։

«Մենք ուզում ենք, որ այդ պրակտիկան բիզնեսի համար նորմալ դառնա։ Հայաստանում արդեն այդպիսի մասնագետներ կան, մենք ուզում ենք, որ նրանք շատանան։ Խորհրդատվությունների համար մենք մեր փորձագետներին ենք հրավիրել», —ասաց Թումանյանը։

Իսկ ինչքա՞ն ժամանակում է ծախսերը վերադարձնում արևային վահանակը կամ նոր մեկուսացումը։ Սա արդեն պետք է ինքնուրույն հաշվարկի այդ բիզնեսով զբաղվողը։ Ֆինանսիստները վստահեցնում են, որ արևային վահանակներն իրենց ծախսը վերադարձնում են 8-10 տարվա ընթացքում։ Բանկերի համար վարկային ռիսկերը վերաֆինանսավորվում են հինգ տարով։ Հետո բանկերը կարող են ժամկետը երկարացնել իրենց պահուստների հաշվին։ Եթե, իհարկե, բիզնեսը կարողանա համոզել, որ մաքուր բնությունը կենդանի փող է։