Հայաստանը ՌԴ–ում նոր դեսպան ունի
16:36 20.11.2026 (Թարմացված է: 16:55 20.11.2026)

© Photo : official site of MFAIT of RA
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Գուրգեն Արսենյանը հաստատել էր իր հետկանչի մասին լուրը՝ նշելով, որ մինչև Նոր տարի ինքն արդեն Հայաստանում կլինի։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրերից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Սամվել Մկրտչյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,–ասվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Նշենք, որ Սամվել Մկրտչյանը դիվանագիտական ծառայության երկարամյա փորձ ունի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության համակարգում աշխատանքի է անցել 1991թ-ից, եղել է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ԵՄ և ԵԱՀԿ պատասխանատու, ԵԱՀԿ Մինսկի խմբի ՀՀ բանակցային խմբի անդամ, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին վերանայված պայմանագրի ՀՀ բանակցային խմբի անդամ։
1997-1998թթ եղել է Ավստրիայում, Հունգարիայում, Սլովակիայում ՀՀ ներկայացուցչության գործերի հավատարմատար,
1994-2000թթ` ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կառույցներում` Արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ,
2000-2004թթ՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ,
2004-2010թթ` Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար։
2011-2016թթ` ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ։
2016-2018թթ եղել է Լիբանանում, իսկ 2018-2023թթ՝ Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։