Մենք վայելում ենք այս իրավիճակը. Ալիևն ու Խաչատուրյանը Դավոսում խոսել են խաղաղության մասին
20:12 20.01.2026 (Թարմացված է: 20:17 20.01.2026)

© Photo : official site of the President of RA
Բաժանորդագրվել
Խաչատուրյանի կարծիքով՝ մենք պետք է կարողանանք հաղթահարել այն խնդիրները, որոնք ստեղծվել էին 90-ականներին «ինչ-ինչ պատճառներով», իսկ Ալիևի խոսքով՝ 2-3 տարի առաջ այս իրավիճակն աներևակայելի էր թվում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողություն կունենա, որովհետև երկու երկրներն էլ առաջ են նայում, իսկ եթե հետ նայեն ու փորձեն գտնել հակամարտության պատճառները, դա կզրկի այսօր ստեղծված հնարավորություններից։ Դավոսի տնտեսական գագաթնաժողովում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հավատացնում եմ՝ սա սովորական չէ մեզ համար (խաղաղությունը- խմբ․), մենք արթնանում էինք մինչ այս համաձայնագրերի ստորագրումը (վաշինգտոնյան- խմբ․), հետաքրքրվում էինք, թե սահմանին ինչ է կատարվել։ Իսկ այնտեղ հիմնականում կրակոցներ, զոհեր, վիրավորներ էին, որը մեզ ուղղակի սթրեսային վիճակի մեջ էր պահում։ Հիմա մենք, հավատացեք, նույնիսկ մոռացել ենք, ապրում ենք ավելի շատ մեր ծրագրերի իրականացման գործով»,- ասաց Խաչատուրյանը։
Նրա կարծիքով՝ խաղաղության գործընթացը հաջողություն կունենա նաև այն պատճառով, որովհետև երկու երկրների միջև կան հստակ պայմանավորվածություններ, հստակ սկզբունքներ են որդեգրվել։ Մասնավորաբար, երկու երկրները հարգում են մեկմեկու տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը և առաջնորդվելու են այդ սկզբունքներով։
«Բացելու ենք մեր սահմանները։ Վստահ եմ նաև, որ իքս տարիներ հետո ոչ միայն նման քաղաքական բարձր մակարդակի հանդիպումներ են լինելու, այլև սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարող են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք։ Այդ համագործակցության արդյունքում մենք շատ նպաստավոր ենք դառնալու որպես տարածաշրջան նաև աշխարհի համար»,- հայտարարեց Խաչատուրյանը՝ վստահություն հայտնելով, որ մեզ հկաջողվի հաղթահարել «այն խնդիրները, որոնք ստեղծվել էին 90-ականներին ինչ-ինչ պատճառներով»։
Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին դրսևորած քաղաքական կամքի համար։ Ըստ նրա՝ արդեն տեսանելի է, որ այս ամենի նպատակը ոչ թե իշխանության մնալն է եղել, այլ խաղաղ ապրելը, մինչդեռ տարիներ շարունակ քաղաքական տարբեր շարժառիթներով գործընթացը հետաձգվում էր։
Պանելային քննարկմանը մասնակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ընդգծեց, որ տարիներ առաջ այս իրավիճակն աներևակայելի մի բան էր թվում։
«Մենք ընդամենը 5-6 ամիս է, ինչ խաղաղության պայմաններում ենք ապրում։ Մենք վայելում ենք այս իրավիճակը։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, որպես անկախ երկրներ, երբևէ չեն ապրել խաղաղության մեջ։ Երբ մենք անկախացանք՝ 1991թ․-ին, արդեն ռազմական վիճակում էինք։ Այսօր խաղաղության առաջին օգուտներից մեկը տնտեսական համագործակցության մեկնարկի վրա է ազդում։ Ադրբեջանից արդեն կրիտիկական նշանակության նավթամթերք է փոխադրվել Հայաստան, ինչի արդյունքում նաև գների նվազում է արձանագրվել»,- ասաց Ալիևը։
Նրա կարծիքով՝ այսօր կարևոր է, երկու երկրները կարողանան ցույց տալ խաղաղության արդյունքները՝ նաև երկու հասարակությունների լիարժեք աջակցությունը ստանալու համար։ Ըստ նրա՝ սա օրինակ է, թե ինչպես երկու երկրներ, որոնք եղել են խորը թշնամական իրավիճակում, այսօր կարող են տրանսֆորմացվել դեպի համագործակցության փուլ։
