ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը խնդրում է երեխաներին չզրկել ժպիտներից առհասարակ ու հատկապես ամանորյա տոների ժամանակ։ Այս մասին Բեգլարյանը գրել է Facebook-ի իր էջում և երեխաների հետ լուսանկար հրապարակել։
Բեգլարյանը նշել է, որ եռօրյա սգից հետո, երբ այցելել է Եռաբլուր, հետդարձին մտել է Աղավնո՝ տեղում հասկանալու համար, թե գյուղի բնակիչներն ինչ պայմաններում են ապրում ու ինչով կարող է օգտակար լինել:
«Սիրելինե՛րս, իմ խնդրանքն է, որ ոչ ոքի մտքով չանցնի երեխաներին զրկել ժպիտներից առհասարակ ու հատկապես ամանորյա տոների ժամանակ. մեր զոհված հերոսները հաստատ դա չէին երազում: Իսկ երեխաները շատ հաճախ ուրախանում են մեծերիս համար փոքր թվացող առիթներից, ոչ թե «ավանդական» ճոխություններից ու ցնծություններից»,–մասնավորապես նշել է նա:
Հավելենք, որ պատերազմից հետո ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, բազմաթիվ մարդիկ հայտարարում են, որ այս տարի չեն պատրաստվում Ամանորը ճոխ նշել կամ նշել ընդհանրապես, քանի որ կարծում են՝ ուրախանալու առիթ չկա։
Այս տարի ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ամանորյա զարդարանքներ, տոնածառներ և միջոցառումներ չեն լինի։
Ստեփանակերտում տեղադրված տոնածառն ապամոնտաժվեց․ մարդիկ չեն ուզում տեսնել Աննա Հակոբյանին
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական լայնածավալ ագրեսիայով մեկնարկած արցախյան պատերազմում հրադադար է կնքվել նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարներից կողմից։