ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին արձակուրդ մեկնելու որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 31-ին»,–նշված է որոշման մեջ։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք` վարչապետը դեռ մայիսի 7-ին ասել էր, որ մտադիր է հունիսի առաջին օրերին արձակուրդ գնալ։
«Ուզում եմ մի քանի օրով աշխատանքից կտրվել։ Եթե մարտի 31-ից հաշվենք, որ ես ըստ էության գործընթացի մեջ էի, մինչև հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային իրավիճակից կտրվել, միայն բացառությունը Նոր տարվա տոներն էին, բայց դե գիտեք` դրանք ոնց են անցնում»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշել էր, որ արձակուրդ կվերցնի մեկ–երկու օրով։
Փաշինյանն 9 օրով արձակուրդ էր վերցրել 2018 թվականին (նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը )։ Այն ժամանակ կառավարությունից հայտնել էին, որ արձակուրդըը վճարվող չի լինի։