ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթող Արթուր Ավետիսյանը դարձել է Վառնայում կայացած World Challenge Cup միջազգային մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան:
Ավետիսյանը օղակների վարժությունում առաջինն էր 14.233 միավորով: Այս մրցաձևում երկրորդը Գերմանիան ներկայացնող Արթուր Սահակյանն էր:
Նշենք, որ Աշխարհի գավաթի վեց փուլերից երեքում Ավետիսյանը ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել օղակների վարժությունում: Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի առաջին խաղարկությունում, արծաթը ՝ չորրորդ փուլում Կահիրեում և բրոնզը վերջին՝ վեցերորդ փուլում խորվաթական Օսիեկում: Հայաստանի հավաքականը բաց թողեց Բաքվում կայացած աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը, ինչպես նաև երրորդ փուլը՝ Անթալիայում: Դոհայում կայացած Աշխարհի գավաթի ևս մեկ փուլ չեղյալ է հայտարարվել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով: