Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Զելենսկու` Երևանում հնչեցրած հայտարարությունները

ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն ավելի վաղ կանչվել էր Ռուսաստանի ԱԳՆ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ ավելի կարևոր է, թե Հայաստանն ինչ հայտարարություններ է ունենում, իսկ այլ երկրների հայտարարություններին հետևել, վերահսկել չի կարող։ Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանը մեկնաբանեց Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները։
Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել էր, թե ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով՝ մեկնաբանելով այն լուրը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:
«Մենք չենք կարող հետևել, թե ով ինչ հայտարարություն է անում, այս առումով կարծում եմ` կարևոր է, թե Հայաստանն ինչպիսի հայտարարություններ է անում, և Հայաստանն ինչպիսի դիրքորոշում է հայտնում»,- ասաց նա։
Մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող վերջերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն «ամբիոն» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:
Գուրգեն Արսենյանը լսել ու Երևանին է փոխանցել ՌԴ ԱԳՆ–ի հնչեցրած հարցերը
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար: