Նախընտրական քարոզարշավը սկսված է. ի՞նչ են նախատեսել քաղաքական ուժերը

Որոշ քաղաքական ուժեր դեռ չեն հայտնել, թե ինչպես և որտեղ են սկսելու քարոզարշավի առաջին օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Այսօր Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում է 19 քաղաքական ուժ, և հունիսի 7-ին նախատեսված համապետական ընտրություններին ընդառաջ նրանք հանրությանն են ներկայացնելու իրենց գաղափարներն ու քաղաքական ծրագրերը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը սկսում է Սյունիքի մարզից, «Ուժեղ Հայաստանը»` ՀՀ Ազգային ժողովի դիմացից՝ Նարեկ Կարապետյանի ասուլիսով։
«Հայաստան» դաշինքը քարոզարշավը սկսելու է Էջմիածնից, Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը` Իջևանի Գոշավանք վանական համալիրից։
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ «Հայ ազգային կոնգրեսը» մայիսի 7-ին ավելի քան 2 ժամ քննարկել և ընդունել է իր նախընտրական ծրագիրը։ Մայիսի 9-ին կուսակցության անդամներն այցելելու են «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու հաղթանակները կերտած հերոսների հիշատակին։
Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունն իր քարոզարշավը սկսելու Աշտարակ խոշորացված համայնքից։
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները նախ այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհվածների հիշատակին, ապա Հակոբ Պարոնյան թատրոնում հանդիպում են ունենալու Կենտրոնի բնակիչների հետ և ծաղիկներ է խոնարհելու Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տալու է սահմանամերձ Ոսկեպար գյուղից։
«Բոլորին դեմ եմ»-ից տեղեկացրել են, որ առայժմ հայտնի չէ, թե որ քաղաքից կամ մարզից են սկսելու։ Նշել են, որ այս ընթացքում երիտասարդներն աշխատել են մարզերում, բայց դեռ որոշում չունեն։ Քաղաքական ուժը վստահեցրել է՝ ամեն դեպքում մտածում են ոչ ստանդարտ ձևով սկսել։
«Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տալու է ՀՀ ԱԺ-ի դիմացից՝ հանդես գալով մամուլի ասուլիսով։
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»-ը (ԴՕԿ) իր քարոզարշավը սկսելու է մայիսի 9-ին՝ այցելելով և՛ Եռաբլուր, և՛ Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին և կարևորելով մայիսյան Եռատոնի գաղափարը։
«Ռեֆորմիստներ» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկելու է իր իսկ գրասենյակից՝ Երևան, Տերյան 10 հասցեից։
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, կարևորելով Շուշիի ազատագրման խորհուրդը, մայիսի 8-ին այցելելու է Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու նահատակների հիշատակին, ապա մայիսի 9-ին իր քարոզարշավը սկսելու է Գյումրիից։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Երասխից, այնտեղ միջոցառում է ունենալու, ապա գնալու են Աղվերան, որտեղ շուրջ 200 երիտասարդի հետ են հանդիպելու ու պատրաստվում են ներկայացնել իրենց անելիքները, ծրագիրը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպում կունենա թիմակիցների հետ։ Քաղաքական ուժը քարոզարշավը կսկսի վաղվանից։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունն առայժմ չեն հայտնել, թե որտեղից և ինչ ձևաչափով են սկսելու իրենց քարոզարշավը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։
Ձևավորվել է 2005 ընտրատեղամաս․ բաշխվել են ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները