ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Վեդիում տեղի ունեցածը ոչ թե զուտ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպք է, այլ մի խումբ անձանց կողմից երեխաների սեռական թրաֆիքինգի և շահագործման դեպք. Sputnik Արմենիային ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։
«Քանի որ ըստ հանրությանը հայտնի դարձած տվյալների`երեխաների նկատմամբ այդ գործողությունը պարբերաբար է կատարվել և առնվազն 2 անձանց կողմից, որոնք նաև ներկայացել են որպես բարերարներ, այսինքն` այդ գործողությունների դիմաց երեխաներին տալիս են որոշակի հատուցում կամ նվեր, բարեգործությունը դրսևորում է նյութական ինչ-որ շահ տրամադրելով, սա արդեն ակնհայտ վկայում է, որ երեխայի նկատմամբ տեղի է ունեցել պոռնկություն։ Որովհետև ՀՀ Քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն, երեխայի պոռնկության դեպքում նշանակություն չունի այդ հարաբերության դիմաց վարձատրությունը տրվում է երեխային, թե 3-րդ անձի։ Այսինքն՝ եթե իրենք վճարում են և ունենում են հարաբերություն, սա արդեն երեխայի շահագործում է»,– պարզաբանում է մասնագետը։
Հիշեցնենք`մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ մեղադրվողները, ըստ մամուլին հայտնի դարձած տեղեկությունների` երեխաներին դպրոց տանող տաքսու վարորդ 65–ամյա Դավիթ Այնազյանն ու նրա ընկեր 58–ամյա Արթուր Երեմյանն են։
Ի դեպ, փաստաբան Վարդուհի Էլբակյանի հայտնած տվյալներով՝ երեխաներին սեռական բռնության ենթարկած տղամարդիկ իրականում 3-ն են եղել։ Երրորդ գործող անձի մասին նախաքննական մարմինը լռում է։ Իսկ փաստաբանն ու ընտանիքի անդամները նրան ներկայացնում են որպես «ընտանիքի բարերար»։ Տեղեկություններ կան նաև, որ նա նախկինում արդեն դատապարտված է եղել մանկապղծության համար։ Թե ով է այս անձը իրականում ու ինչու է նրա ինքնությունը հույժ գաղտնի պահվում, առայժմ անհայտ է։
«Բարերար լինելը խիստ հարաբերական հասկացություն է։ Տվյալ դեպքում ընտանիքի հետ առնչվող ցանկացած անձ կարող է լինել պոտենցիալ հանցագործ, ինչից ելնելով պետք է գնահատվեն նրա գործողությունները, այլ ոչ թե այն, թե ինքը ընտանիքին ինչ օգնություն է տվել և տալիս։ Հատկապես, որ գործնականում մենք ունեցել ենք դեպքեր, որ բարերար ներկայացող անձինք «բարերարությունը» օգտագործել են որպես ընտանիքին մոտենալու, ընտանիք մուտք գործելու պատրվակ, և դրանից հետո իրականացրել երեխաների նկատմամբ հանցագործություններ։ Երբեմն, ցավոք սրտի, նաև ծնողների կամ ընտանիքի անդամների իմացությամբ, նման իրավիճակ մենք ունեցել ենք Սերոբ Պողոսյանի և այլ աղմկահարույց գործերի դեպքում»,– նշում է Թումասյանը։
Թե որքան է Վեդիի դեպքով այդ անհայտ «բարերարի» վերաբերյալ ապացուցողական բազան, որպեսզի այդ անձը ներգրավվի որպես մեղադրյալ, Դավիթ Թումասյանի խոսքով, գիտի միայն նախաքննական մարմինը։ Բայց եթե այդ անձը իրականում սեռական հարաբերություն է ունեցել է երեխաների հետ, միանշանակ պետք է համապատասխան դատավարական կարգավիճակ ստանա։
Ի դեպ, հատկանշական է, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքով վարույթը Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է դեռ 2026-ի փետրվարին, իսկ այսօր արդեն կալանավորված տղամարդիկ ամիսներ շարունակ եղել են ազատության մեջ` վկայի կարգավիճակով։ Արդյունքում միայն մամուլում ու հանրության շրջանում բարձրացած աղմուկից հետո իրավապահ համակարգը անգործության մատնած գործի շրջանակներում սկսեց որոշակի քայլեր ձեռնարկել։
Թումասյանի կարծիքով` 2 տղամարդկանց քրեադատավարական կարգավիճակի շուտափույթ փոփոխության հարցում մեծ նշանակություն է ունեցել գլխավոր դատախազի` Ազգային ժողովի ամբիոնից արած հայտարարությունը։ Դրանից հետո վարույթի ընթացքը ամբողջությամբ փոխվեց, քրեական հետապնդում իրականացվեց, ներգրավված անձինք մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերեցին, ձերբակալվեցին և կալանավորվեցին։
«Ամեն մի գործ չէ, որ պետք է հասնի գլխավոր դատախազի մակարդակին և նման դիրքորոշում հայտնելուց հետո միայն ընթանա իր բնականոն հունով։ Այստեղ շատ մեծ դերակատարում ունի քննիչը, հսկող դատախազը, որոնք, փաստորեն մինչ այդ պատշաճ կարգով չեն իրականացնել այդ գործողությունները։ Հակառակ դեպքում, եթե չկային հիմքեր, մենք ո՛չ մեղադրյալ կունենային, ո՛չ կալանքի որոշում»,– նկատում է Թումասյանը։
Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերն, անշուշտ, ոչ բոլորն են հանրությանը հայտնի դառնում, բայց թվային ցուցանիշները փաստում են, որ այս հանցատեսակը մեր երկրում որոշակի տարածում ունի։ Դավիթ Թումասյանի տվյալներով` միայն 2025թ–ին Քննչական կոմիտեն երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններով 35 քրեական վարույթ է ուղարկել դատարան։
Հիշեցնենք՝ Վեդիում տեղի հանցագործության ֆոնին պաշտոնից ազատվել են Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանը, Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանն ու Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։