Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ազատվեցին տնային կալանքից

Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել 3 ամիս ժամկետով երկարաձգել տնային կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանն ազատվեցին տնային կալանքից։ Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, որոշում կայացրեց փոխել նրանց խափանման միջոցն ու կիրառել վարչական հսկողություն։
Դատարանը գտավ, որ էապես նվազել են ազատության մեջ գտնվելու դեպքում նրանց ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը։
Նշենք, որ հանրային մեղադրողը շարունակում էր պնդել՝ խափանման միջոցի փոփոխության հիմքեր չկան։ Նա միջնորդություն էր ներկայացրել ևս 3 ամիս ժամկետով երկարաձգել Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ կիրառված տնային կալանքը։
Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին 2025 թվականի նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը բավարարեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունը և կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։