Հալյուցինացիաներ առաջացնող սունկ ուտո՞ւմ է. Փաշինյանի պատասխանը

ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ծանոթ չէ Սամվել Կարապետյանի հայտարարությանը. կարդալուց հետո, եթե հարկ համարի, կարձագանքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, թե վարչապետը 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է ներկրել Չինաստանից ու ամեն օր ուտում է։ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նա վստահեցրեց, որ այն հայտարարությունները, որոնք չի կարդացել, ծանոթ չէ, չի մեկնաբանում։
«Ձեզ թվում է` ես ամբողջ օրը նստած` այդ մարդկանց հայտարարություններն եմ կարդո՞ւմ։ Կներեք, բայց ես ավելի կարևոր գործեր ունեմ։ Եթե կան հայտարարություններ, որոնց պետք է արձագանքել, մեր թիմն ինձ կտեղեկացնի արձագանքելու անհրաժեշտության մասին։ Մի անհանգստացեք` արձագանքը չի ուշանա բոլոր այն դեպքերում, երբ արձագանքելու անհրաժեշտություն տեսնենք»,– ընդգծեց նա։
Հավելենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը 2025–ի դեկտեմբերի 30–ից տնային կալանքի տակ է, այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ ասուլիս է տալիս Երևանում իր տանը։
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։
ԿԸՀ–ն Վարդան Ղուկասյանին և Տիգրան Ուրիխանյանին չգրանցեց ընտրական ցուցակներում