ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում «Լուսավոր Հայաստանի» ուշադրության կենտրոնում լինելու է ազգային արժեքների և հոգևոր ժառանգության պաշտպանությունը։ Կուսակցությունն այսօր ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։
Քաղաքական ուժի առաջնորդ Էդմոն Մարուքյանը ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց, որ երկրում այդ արժեքների դեմ իսկական պայքար է սկսվել։ Վտանգված են եկեղեցին, գրերը և զինանշանը։ Բանը հասել է նրան, որ, օրինակ, դպրոցական դասագրքերում Մեսրոպ Մաշտոցի պատկերը փոխարինում են QR կոդերով։ Եթե երեխան ձեռքի տակ հեռախոս չունի, ապա չի կարող տեսնել, թե ով է Մեսրոպ Մաշտոցը։
Նա երկրի և ժողովրդի համար կործանարար անվանեց այն թեզերը, որոնք վերջին շրջանում ակտիվորեն առաջ են մղում Հայաստանի ներսում գործող տարբեր ուժեր։
Նախընտրական քարոզարշավի խորհրդանիշ է դարձել վահանը, որի վրա պատկերված են ազգային և պետական խորհրդանիշները, որոնք, Մարուքյանի կարծիքով, իշխանությունների կողմից ոտնձգությունների են ենթարկվում։ Վահանի վրա պատկերված են Մաշտոցը, Էջմիածնի Մայր տաճարը և ՀՀ զինանշանը։
Նշենք, որ ավելի վաղ քաղաքական գործիչը ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնի համար առաջարկել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։ Այսօր Մարուքյանը նշեց, որ այդ գաղափարը հնչեցրել է հոգևոր արժեքների պաշտպանության համատեքստում։ Սրբազանն ինքը, սակայն, արդեն հայտարարել է, որ նախապատվությունը տալիս է հոգևոր ծառայությանը, ոչ թե քաղաքական գործունեությանը։
«Լուսավոր Հայաստանի» առաջնահերթությունների թվում են նաև Սահմանադրության և ներկայիս «սուպերվարչապետական» համակարգի փոփոխությունը։