ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ազդարարեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր հանգրվանի մասին։ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ նա նկատեց, որ ՀՀ–ԵՄ երկկողմ կապերը սերում են հինավուրց քաղաքակրթություններից, սակայն այսօր ստանում են գործնական և ռազմավարական նոր բովանդակություն։
«Սա ոչ միայն մեզ միավորող հարուստ պատմությունն ու մշակույթն է, այլև այն հնարավորությունները, որոնք բացվում են մեր առջև: ՀՀ-ն և ԵՄ-ն այսօր ավելի մոտ են, քան երբևէ եղել են: Մենք առաջընթաց ենք արձանագրում վիզաների ազատականացման հարցում, ինչպես նաև ներդրումային հոսքերի ապահովման ուղղությամբ. մեր ներդրումային ծրագրով արդեն նախատեսված է 2.5 մլրդ եվրո: Այս գագաթնաժողովով հարաբերությունները նոր մակարդակ են թևակոխում: Հայաստանն իսկապես ապահովում է ամենակարճ երթուղին Եվրոպայի համար դեպի Կենտրոնական Ասիա և Կասպից ծով: Նախկինում պատերազմների և աշխարհաքաղաքական նկատառումների բերումով այդ երթուղին փակ էր, սակայն այժմ դուք փոխում եք իրավիճակը՝ շնորհիվ խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և եվրոպական ցանցերին ավելի մեծ ինտեգրման»,– ասաց նա։
Հայաստանը, ըստ ֆոն դեր Լյայենի, կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների համար, մանավանդ՝ կրիտիկական հումքի տեսակետից:
«Եվրոպան պատրաստ է օժանդակել թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքների հարցում, քանի որ այդ ապրանքներն ու հումքը պետք է տեղափոխել, և թե՛ տեղական էներգետիկ արտադրության ու էներգետիկ կապերի տեսանկյունից՝ Սև ծովի միջոցով, ինչպես նաև աջակցել զարգացող ՏՏ ոլորտին»,– շարունակեց ֆոն դեր Լյայենը։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ նա նկատեց, որ մինչ Ուկրաինայից Իրան տարածաշրջանը ցնցվում է պատերազմներից, Հարավային Կովկասում Հայաստանը փորձում է «բուժել հին վերքերը»։
Նա վերահաստատեց Եվրոպայի հանձնառությունը՝ աջակցելու խաղաղության գործընթացին՝ շեշտելով, որ հենց կայունությունն է հանդիսանում տնտեսական բարեկեցության հիմնական նախապայմանը։
Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Երևանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նշենք, որ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: