ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Յըլմազը ներկայացնելու է Թուրքիան մայիսի 4-ին Երևանում կայանալիք գագաթաժողովի ժամանակ: Միջոցառումն անցկացվելու է «Կառուցում ենք ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրի ներքո:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` հանդիպմանը կքննարկվեն կայուն ժողովրդավարության ամրապնդման, կապերի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության համախմբման ուղղությամբ առավել սերտ համագործակցությանն ու համակարգմանն ուղղված քայլերը: Բացի այդ, կքննարկվեն տարածաշրջանային վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները։
Նշենք, որ Ջևդեթ Յըլմազի ժամանումը Երևան՝ Թուրքիայից նման մակարդակով առաջին այցն է։
Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հիշեցնենք նաև` այն մասին, որ Հայաստանը հավակնում է անցկացնել եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով` Տիրանայում անցկացված միջոցառման նմանությամբ, հայտնի դարձավ 2025–ի մայիսի 21–ին։ Երևանում այդ մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ այս ձևաչափը ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ եվրոպացի անդամների (բացառությամբ Ռուսաստանի և Բելառուսի) ներգրավմամբ: Լավրովի խոսքով` այս ձևաչափն ի սկզբանե ստեղծվել է փաստացի Ռուսաստանին և Բելառուսին մեկուսացնելու համար։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականից պարբերաբար մասնակցում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովներին: Հենց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նման գագաթնաժողովի շրջանակներում է ստորագրվել հռչակագիր, որով Երևանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։