ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Միջազգային կառույցները, մասնավորապես միջազգային արբիտրաժային դատարանը մոտ օրերս խոսելու է ԲՀԿ նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունների դադարեցման մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
Ապրիլի 12–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցված ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները։ Ապրիլի 15–ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն այլևս իրավունք չունի հավակնելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին, քանի որ լրանում է նրա 70–ամյակը։
Ռոստոմյանը նշում է` Միջազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական խարտիան հստակ ամրագրում է՝ Ազգային օլիմպիական կոմիտեները պետք է գործեն պետական ազդեցությունից անկախ, այնինչ ՀՀ իշխանությունները փորձում են դատական կարգով ինչ-որ հարց լուծել։
«Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին հեռացնելը տվյալ երկրի իրավասության տիրույթում չէ։ Այդ որոշումն Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր հատուկ ասամբլեան կամ Շվեյցարիայի Լոզանայի արբիտրաժային դատարանն են որոշում։ Այլ մեխանիզմ չկա։ Սա ապացույցն է, թե ինչպես է պետական ապարատը խառնվում ՀԱՕԿ գործունեությանը, ինչն անընդունելի է։ Մոտ օրերս այդ մասին կխոսեն թե՛ միջազգային կառույցները, թե՛ միջազգային արբիտրաժային դատարանը»,- ասաց Ռոստոմյանը։
Նրա խոսքով՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն և Միջազգային սպորտը պերսոնա նոն գրադա են համարում այն անձանց, որոնք խախտում են միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիան և փորձում ազդեցություն ունենալ Ազգային օլիմպիական կոմիտեի գործունեության վրա։
Ռոստոմյանը նաև ընդգծեց, որ կոմիտեի նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով ու կատարում է պարտականությունները մինչև հաջորդ ընտրությունները։ Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստը պետք է կայանար ապրիլի 11-ին, 25 օր առաջ բոլորը ծանուցվել էին առաջարկությունների համար, 10 օր առաջ էլ օրակարգն են ստացել։
Բոլոր ֆեդերացիաներից հաստատումներ եղել են, բացի Ծանրամարտի ֆեդերացիայից, որը գլխավորում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Ռոստոմյանն անդրադարձավ նաև Հարությունյանի հնչեցրած այն մտքին, թե Ծառուկյանն այլևս չի կարող հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին, քանի որ 70 տարեկան է։ ՀԱՕԿ գլխավոր վստահեցրեց՝ կոմիտեի նախագահի տարիքը որևէ նշանակություն չունի։
Հիշեցնենք` Ծանրամարտի ֆեդերացիան դատարանից պահանջում է անվավեր ճանաչել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից Գագիկ Ծառուկյանի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները։ Բացի այդ, նաև պահանջում են նույն ամսաթվից դադարած ճանաչել վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները և նրանց կողմից ընդունված որոշումները։
Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահ է ընտրվել 2021թ. սեպտեմբերի 9-ին՝ 4 տարի ժամկետով (Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004թ․ թվականից- խմբ․)։ Ֆեդերացիայում կարծում են` քանի որ 2025թ. սեպտեմբերի 9-ից ի վեր նոր ընտրություն տեղի չի ունեցել, նշանակում է՝ պաշտոնավարումը պետք է դադարած ճանաչել։
Հայցադիմումը դատարան է ստացվել ապրիլի 8-ին և մակագրվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Անուշավան Մուշեղյանին։
Հավելենք, որ 2025-ի հունվարի 22-ից Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։