ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը կարգադրել է մոտ 5 հազար ամերիկացի զինծառայողների դուրս բերել Գերմանիայից։ Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Խոսքը Գերմանիայում ամերիկյան զորակազմի մոտ 14 %-ի մասին է, որի դուրսբերումը նախատեսվում է ավարտել 12 ամսվա ընթացքում։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը հայտարարել է, որ որոշումը կապված է Եվրոպայում ուժերի տեղակայման վերանայման հետ՝ հաշվի առնելով այլ ռազմական ուղղություններում առկա կարիքները:
Ավելի վաղ նման ծրագրերի մասին խոսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև քննադատել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին այն հայտարարության համար, թե ԱՄՆ-ն «նվաստացվել է» Իրանի կողմից:
Ինչպես նշում է ռադիոկայանը, այս ֆոնին աճում է լարվածությունը ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև: Մասնավորապես, Թրամփը հրամանագիր է ստորագրել Եվրամիությունից ավտոմեքենաների և բեռնատարների սակագների բարձրացման մասին, որոնց հիմնական արտադրողը Գերմանիան է:
Ընդ որում, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական երկրները պետք է ավելի շատ ապավինեն սեփական ուժերին նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նրա խոսքով՝ Գերմանիան շարունակում է ավելացնել բանակի թվակազմը և զարգացնել սպառազինության նոր տեսակներ: