ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ նոր կենսաչափական անձնագրերը Նիդեռլանդներում են տպվելու, ու էջերի գույները հատուկ այնպես են արվելու, որպեսզի դրանց կեղծումը հասցնեն գրեթե անհնարինության։ Այս մասին սոցցանցում հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Անձնագրերը տպագրվում են Նիդեռլանդների Հարլեմ քաղաքի արտադրամասերից մեկում։ Նոր կենսաչափական անձնագրերի վիզայի էջերում նկարները զբաղեցնեն 1/3-րդ մասը կամ չծածկեն ջրանիշը, որը թեք լույսի ներքո ՀՀ զինանշանն է պատկերում։ Նպատակը մեկն է՝ գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն ունենալ»,- ասում է Սարգսյանը։
Նա նաև շեշտում է, որ նիդեռլանդական արտադրամասում հատուկ ՀՀ-ի համար այնպիսի լուծում է առաջարկվել, որ թղթի բաղադրության մեջ առկա լինեն ՀՀ դրոշի գույներով մանրաթելեր։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր անձնագիրը կլինի կարմիր, որը միջազգայնորեն ամենից շատ տարածված երանգներից է։
Անձնագրի շապիկն ունենալու է բրալյան գրություն՝ տեսողության խնդիր ունեցող անձանց համար դժվարություններ չառաջացնելու համար։
Կենսաչափական նոր անձնագիրն ունի նաև պաշտպանիչ շերտեր, որոնք երևում են միայն ուլտրամանուշակագյույն ճառագայթի տակ։ Պաշտպանիչ շերտերը կապույտ են, էջերում լինելու էն թռչնատառերով գրություններ, հայոց այբուբենը, Հայկ նահապետի պատկերը, Արտաշես արքայի սահմանաքարերը, Էրեբունի ամրոցը, ՀՀ պետական խորհրդանիշները և կարևոր կառույցներ։