Օդաչուներից մինչև առաքիչներ․ Երևանում Աշխատանքի օրը նշվեց տարբերվող շքերթով

Երևանի երկնքում եռագույնի առկայությունն ապահովեցին ուղղաթիռները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այսօր` Աշխատանքի և աշխատավորների օրը, առաջին անգամ տարբեր հայկական ընկերությունների մասնակցությամբ շքերթներ անցկացվեցին Երևանում։
Յուրաքանչյուր տնտեսվարող իր ընկերությանը համապատասխան ձևավորմամբ տարբեր մեքենաներով անցավ Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ։
Աշխատանքային իրավունքների խախտումները շարունակվում են. Էլեն Մանասերյան
Ընկերություններից ամենատպավորիչը «Fly One Armenia» ավիաընկերությունն էր հանդես եկել՝ մեքենայի վրա տեղադրել էին հսկայական փչովի ինքնաթիռ, որի կողքին կանգնած էին բորտուղեկցորդները, ինչպես նաև օդաչուները։ Գեղեցիկ ձևավորումներ արել էին նաև «Հոմպլեքս» հիպերմակետը, «Երեմյան փրոջեքթսը», «Արզնի» թռնչաֆաբրիկան։
«Յանդեքս Գո» ընկերությունն էլ իր վարձու աշխատակիցների հետ էր ֆլեշմոբ արել՝ մոպեդներով տասնյակ առաքիչներ անցան փողոցով դեպի մայրաքաղաքի գլխավոր հրապարակ։
Ընկերությունների շքերթները եզրափակեց «Yerevan drums» թմբկահարների խումբը։
Երևանում նաև 3 ուղղաթիռի թռիչք իրականացվեց, որոնք երկնքում ապահովեցին Հայաստանի եռագույնի առկայությունը։
ՀՀ-ում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան․ ՄԻՊ-ի ուղերձը
Հավելենք, որ մայիսի 1-ին նախատեսվում է նաև օդապարիկների թռիչք, ինչպես նաև ցերեկային հրավառություն։
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է: