ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր–մշակութային ժառանգության ոչնչացումը։
Նշենք՝ ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ավերել է Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը Ստեփանակերտում։ Զվարթնոցի տեսքով Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը հիմնադրվել է 2006 թվականին, օծվել՝ 2019 թվականին։ Ապրիլի 12-ին էլ տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին:
«Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն»,- ասված է հաղորդագրությունում։
Մայր աթոռը բացահայտ անհիմն և ստահոդ է անվանել Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Ընդգծվում է, որ խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։
Մայր աթոռ սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը։